ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը բոլոր ջանքերը գործադրում է զինծառայող Արայիկ Ղազարյանին վերադարձնելու համար։ Այդ մասին խորհրդարանում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը։
Հիշեցնենք` Արցախի ՊԲ–ն օգոստոսի 12–ին հայտնել էր, որ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ղազարյանը։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտնել էր, որ զինծառայողն, ամենայն հավանականությամբ, մոլորվել է։
«Բանակցություններն ընթանում են ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, այնպես էլ անմիջականորեն Երևանում և Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակների միջոցով։ Հաշվի առնելով հարցի գաղտնիությունը` այլ մանրամասներ չեմ կարող ասել», – նշեց Ապիտոնյանը։
Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Արայիկ Ղազարյանին
Նրա խոսքով` հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։
«Ամեն ինչ արվում է, որպեսզի, օգտագործելով միջազգային իրավական մեխանիզմները, ապահովվի Ղազարյանի անվտանգությունը և վերադառնալու հնարավորությունը», – հավաստիացրեց Ապիտոնյանը։
Նա հավելեց, որ ԱԳՆ ներկայացուցիչները զինծառայողի ընտանիքի հետ մշտապես կապ են պահպանում։
Զինվորին ինքնաձիգով հարվածել են ու քարշ տվե՞լ. ինչի՞ մասին են խոսում լուսանկարները