Քիմ Քարդաշյանը կրկին գալիս է Հայաստան

Հեռուստաաստղը մասնակցելու է ՏՏ աշխարհի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկյան Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հոկտեմբերին կայցելի Հայաստան` մասնակցելու «WCIT 2019» տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաժողովին։ Այսօր այս մասին հայտարարել են համաժողովի կազմակերպիչները։

«Մերն ես». Քիմ Քարդաշյանը խմբագրել է լուսանկարը` գովազդելով հայկական հավելվածը

Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի և լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը։

«Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության և ոչ միայն դրա մասին: Ավելի քան 240 միլիոն հետևորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին և մայր, կարևոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը և ձևավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ»,– ասաց «WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Նա նշեց, որ կազմակերպիչների կարծիքով, առանց Քարդաշյանի մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։

Քիմ Քարդաշյանը կոտրում է հայրիշխանական արաբական աշխարհի կարծրատիպերը․ Vogue-ի ցնցող լուսանկարները

«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքն 83 երկրների տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։ Արդեն 40 տարի, տեխնոլոգիական ոլորտի առաջատարները՝ գործադիր տնօրենները և ներդրողները, քաղաքականություն սահմանողները և պետական պաշտոնյաները, գիտնականներն ու տեխնոլոգները, հանդիպում են այս ամենամյա միջոցառմանը՝ քննարկելու ոլորտում առկա իրավիճակը, զարգացման ուղղությունը և մեր ապագայի համար դրա նշանակությունը։

«Փոքրիկ Փսալմը շատ քաղցրիկն է». Քիմ Քարդաշյանը ցույց է տվել 2 ամսական որդուն

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։

Հիեշնենք` Քարդաշյանը 2015 թվականի ապրիլին Հայաստան էր եկել ամուսնու և դստեր հետ։

Քիմ Քարդաշյանն ուզում է Հայոց ցեղասպանության ճանաչումն իր առաքելությունը դարձնել