ՀՀ գլխավոր դատախազը Սմբատ Այվազյանին արդարացնելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել

Սմբատ Այվազյանի մեղադրանքի հիմքում դեռ 2008–ին դրվել են անթույլատրելի ապացույցներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ պետական և քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Սմբատ Այվազյանը մահացել է 2014–ին. նա եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի, Ազգային ժողովի պատգամավոր, պետեկամուտների նախարար:

«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի` 2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք կրելը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Այվազյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող զսպանակավոր մահակ, որը, ըստ քրեական գործի նյութերի, 2008թ. փետրվարի 24-ին հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ։ Բացի այդ, Այվազյանը չի ենթարկվել իրեն փորձագիտական կենտրոն տեղափոխած և վերադարձրած ոստիկանների օրինական պահանջներին։ Նա դիմադրություն է ցույց տվել նրանց, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ է հնչեցրել, նրանցից մեկի կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել՝ բռունցքներով մի քանի անգամ վերջինիս կրծքավանդակին հարվածներ հասցնելով:

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Այս արարքների համար Սմբատ Այվազյանը դատապարտվել է նվազագույն աշխատավարձի 300-ապատիկի չափով տուգանքի և 2 տարվա ազատազրկման։

Այվազյանն ու նրա պաշտպաններն այս դատավճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը, սակայն 2009թ. հունվարի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ դատավճիռը թողնելով անփոփոխ։ Չնայած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը 2009թ. հունիսի 15-ին պաշտպանների բողոքը վերադարձրել է՝ վարույթ ընդունելու հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան․ Գլխավոր դատախազությունը՝ ՍԴ որոշման մասին

Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունն այժմ ուսումնասիրում է 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձություններին առնչվող այն քրեական գործերն ու դրանցով կայացված դատավճիռները, որոնցով դատապարտված անձանց իրավունքների խախտում է արձանագրվել կամ ի հայտ են եկել նման հնարավոր խախտումների վերաբերյալ նոր փաստական տվյալներ: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Այվազյանին առնչվող վերոնշյալ գործը, որի արդյունքում պարզվել է, որ գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Այվազյանի մեղադրանքի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ:

Նշենք նաև, որ Այվազյանը «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատարն էր։

Ամուլսարի մասին Գրիգորյանի և Մարտիրոսյանի գրառումները չունեն փաստական հիմք. դատախազություն