ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik.Հայաստանը կմասնակցի «ՏԵՖԻ-Համագործակցություն» 9-րդ միջազգային հեռուստատեսային փառատոնին, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-19-ը Քիշնևում: Այս մասին հաղորդում է փառատոնի կազմակերպիչը՝ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամը:
Մասնավորապես, Հայաստանից փառատոնին կմասնակցեն «Պատվից առավել (Արմենիա TV)», «Քաոս» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք»), «Ժիրայր Գլենց» (Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Առաջին ալիք») նախագծերը:
Փառատոնին կմասնակցեն նաև Բելառուսի, Ղազախստանի, Լատվիայի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի, Էստոնիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները:
Փառատոնի դափնեկիրներին կորոշի փորձագիտական խորհուրդը, որի կազմում ներառված են հեռուստապրոդյուսերներ, կինոգետներ և հաղորդավարներ:
Հոգին էլ «ֆիթնեսի» կարիք ունի. մեկնարկեց «Ֆրեսկո» միջազգային փառատոնը
Փառատոնի շրջանակում նախատեսված է հագեցած կրթական ծրագիր. կանցկացվեն բանավեճեր և կլոր սեղաններ ժամանակակից հեռուստատեսության արդի խնդիրների շուրջ, մասնակիցների աշխատանքների դիտումներ և քննարկումներ, վարպետության դասեր:
Մասնավորապես, «Ինչպե՞ս դադարել վատ սցենարներ գրել» թեմայով վարպետության դասը կանցկացնի Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի նախագահ, պրոդյուսեր, COSMOS studio պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Հակոբովը:
Փառատոնը կազմակերպվել է ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի և Ռուսաստանի մամուլի և զանգվածային հաղորդակցությունների դաշնային գործակալության աջակցությամբ: Այս տարի միջոցառումը տեղի կունենա Մոլդովայի նախագահի հովանու ներքո:
«Երևանն ինչպես Բաբելոնը». ռուսաստանցի լրագրողը երազում է Հայաստան վերադառնալու մասին
Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2011 թվականից։ Դրա գլխավոր նպատակը ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի տարածքում միասնական տեղեկատվական տարածքի ձևավորումն է, հեռուստատեսության նորագույն ձեռքբերումների տարածումն ու հեռուստաընկերությունների և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համագործակցությունը։
«ՏԵՖԻ-Համագործակցություն» մրցույթը անցկացվում է ամեն տարի ԱՊՀ տարբեր երկրներում։ Մրցույթին մասնակցում են ԱՊՀ երկրների ու մերձավոր արտասահմանի առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչները։