Հայաստանը ԵԱՏՄ երկրների վարորդական իրավունքները կճանաչի փոխադարձության սկզբունքով. Քոչարյան

Երևանը շարունակում է ազգային վարորդական իրավունքով աշխատելու հնարավորության մասին բանակցել Մոսկվայի հետ և՛ երկկողմ ձևաչափով, և՛ ԵԱՏՄ հարթակներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik. Եվրասիական միության երկրների քաղաքացիներն ազգային վարորդական իրավունքներով կկարողանան Հայաստանում աշխատել փոխադարձության սկզբունքով։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը` ներկայացնելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրինագծերում նախատեսված փոփոխությունների նախագիծը։

Քոչարյանը մեկնաբանել է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի ճանաչման հարցը

Ներկայացված օրենսդրական փաթեթով կարգելվի Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու հետ անմիջականորեն կապված ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն ծավալել օտարերկրյա, ազգային կամ միջազգային վարորդական վկայականներով, բացառությամբ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքերի։

Անձնական մեքենաներով Հայաստան հնարավոր կլինի մուտք գործել օտարերկրյա վարորդական իրավունքներով (դրանց փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր Հայաստանն ունի տասնյակ երկրների հետ)։ Եթե խոսքը ոչ թե անձնական ուղևորությունների մասին է, այլ վարորդի աշխատանք կատարելու, ապա դա հնարավոր կլինի անել միայն Հայաստանի վարորդական իրավունքով։

«Այս արգելքը փոխադարձության սկզբունքով չի կիրառվի ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների նկատմամբ», – ասաց փոխոստիկանապետը։

Միքայելյան. «Հարցն ունի ոչ միայն տեխնիկական, այլև քաղաքական ենթատեքստ»

Ռուսական օրենսդրության համաձայն` Հայաստանում տրամադրված վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե մեքենան օգտագործվում է  վճարովի աշխատանքի համար։ Այլ կերպ ասած՝ սեփական մեքենայով հայկական վարորդական իրավունքով կարելի է Ռուսաստան մտնել, բայց այնտեղ տաքսի, ավտոբուս կամ բեռնատար վարել չի կարելի։ Ռուսաստանում ճանաչվում են ԵԱՏՄ բոլոր երկրների վարորդական իրավունքները, բացի Հայաստանից։

Քեյան. «Եթե ՌԴ որոշումը բոլոր վարորդներին է վերաբերում, ապա ապօրինի է»

Նշենք, որ վերջին տարվա ընթացքում ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչները մի քանի անգամ դիմել են ռուսաստանյան գործընկերներին` բարձրացնելով Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների չճանաչման հարցը։ Հայկական կողմը նշում է, որ նման սահմանափակումը հակասում է Եվրասիական միության հիմնարար սկզբունքներից մեկին (աշխատուժի ազատ տեղաշարժ)։

Երևանը հիշեցնում է նաև, որ Հայաստանում նման սահմանափակումներ չեն կիրառվում ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ։ Երևանը շարունակում է բանակցել երկկողմ ձևաչափով և ԵԱՏՄ հարթակում։

«Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական վիճակի մեջ». Քոչարյան