Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի հարցը

Կազմակերպության անդամների դեմ գործողություններ կատարելու դեպքում պետությունները կարող են զրկվել կարգավիճակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովը քննարկում է ՀԱՊԿ–ի կանոնադրության փոփոխությունները, որոնք ենթադրում են կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ մտցնելը։ Այս մասին այսօր ԱԺ–ում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Հայաստանի Ազգային ժողովը քննարկում է ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակի հարցը

«ՀԱՊԿ–ի կանոնադրությամբ նախատեսում է, որ պետությունները կամ միջազգային կազմակերպությունները կարող են դիտորդի կարգավիճակ ստանալ այդ կազմակերպությունում, սակայն մանրամասները բացված չեն։ Այն փոփոխությունը, որն արվում է, կոչված է հստակեցնել այդ ամբողջ գործընթացը, ներկայացվող պահանջները, ինչպես նաև նախատեսել՝ որ դեպքում կարող է վերանայվել այս որոշումը», – ասաց Քոչարյանը։

Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե Արցախը չկա. Շավարշ Քոչարյան

Նա ավելացրեց,  որ կարգավորված է նաև ՀԱՊԿ գործընկերոջ կարգավիճակը։ Պետությունները կամ միջազգային կազմակերպությունները գործընկերոջ կարգավիճակ կարող են ստանալ միայն կոնսենսուսով, այսինքն` բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։

Այսպիսով, նրա կարծիքով՝ պետք չէ անհանգստանալ, որ Ադրբեջանը կարող է առանց Երևանի համաձայնության որևէ կարգավիճակ  ստանալ։

Դրանից բացի, եթե որևէ պետություն գործընկեր կամ դիտորդ դառնա ու սկսի իր պարտականություններին հակառակ գործել՝ կզրկվի այդ կարգավիճակից։

Հոկտեմբերին Պուտինը գալու է Հայաստան, և նա ոչ թե հյուր է, այլ մասնակից. Շավարշ Քոչարյան

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց Քոչարյանին` չի՞ կարելի արդոք կանոնակարգի մեջ կետ մտցնել ՀԱՊԿ անդամ երկրների հակառակորդներին զենք վաճառելու մասին։

«Կարելի է փորձել գնալ այդ ուղղությամբ, բայց խոչընդոտները շատ լուրջ կլինեն։ Միևնույն ժամանակ, ուզում եմ արձանագրել, որ ՀԱՊԿ կանոնադրության մեջ կետ կա այն մասին, որ կազմակերպության անդամները կարող են նույն զենքն ավելի մատչելի գներով ձեռք բերել»,-ասաց Քոչարյանը։

Ադրբեջանն առանց մեր համաձայնության չի կարող դիտորդի կարգավիճակ ստանալ ՀԱՊԿ–ից. Քոչարյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կողմ արտահայտվեց նախաձեռնությանը`կարևորելով ՀԱՊԿ շրջանակում այդ գաղափարն առաջ տանելու հարցը։

Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Քոչարյանն արդեն հայտնել էր այն մասին, որ Հայաստանը կարող է իր համար ոչ բարեկամական պետության համար արգելափակել դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանալը։