«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն իրագործելու համար անհրաժեշտ է ունենալ եկամուտների հայտարարագրման ինստիտուտ: Այսինքն՝ x կամ y տնտեսվարողը, ով գույք է ձեռք բերել, նա պետք է հայտարարագրի այն՝ ֆիքսելով եկամուտի աղբյուրները: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Եթե օրինակ ոմն մեկը որոշել է 100 մլն դրամի չափով գույք ձեռք բերել և որևէ պարտավորություն չունի, որպեսզի ցույց տա այդ գույքի ծագման աղբյուրը, և եթե սույն օրենքով իր վրա դրվի այդ պարտավորությունը, ապա նա կարող է ասել, որ այդ գույքը մեկ ուրիշից ձեռք է բերել որպես պարտք: Այս դեպքում մենք չենք կարող վերահսկել իրական եկամտի աղբյուրը, քանի որ չունենք եկամուտների հայտարարագրման ինստիտուտ»,- նշեց Պարսյանը:
Տնտեսագետի կարծիքով՝ այստեղ կարևոր է նաև վաղեմության ժամկետն ու պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց տարանջատումը, ինչպես նաև կապիտալի արտահոսքի վտանգը:
«Սույն նախագծի միջոցով մենք չենք կարող այն անձանց, ում գույքը ձեռք է բերվել ապօրինաբար, տարաբնույթ սև մեխանիզմների միջոցով, լիարժեքորեն բերել օրինական դաշտ»,- համոզված է նա:
Սուրեն Պարսյանը գտնում է, որ իշխանությունն, ըստ էության ցանկանում է նման օրենքով նաև քաղաքական հարց լուծել ՝ փորձելով բավարարել հանրության այն հատվածի սպասելիքները, ովքեր ցանկանում են նախորդ իշխանության և նախկինների հետ կապ ունեցող տարբեր տնտեսվարողների ունեզրկված տեսնել:
«Բայցևայնպես մեխանիզմները բավական թույլ են, և իշխանությունը, մեծ հաշվով, իր նպատակին չի հասնի ու դրանով միայն մեծ աղմուկ կբարձրացնի»,- ասաց Պարսյանը։
Պարսյանի խոսքով` նախագծի ընդունվելու դեպքում այն կլինի անատամ օրենք: Մեխանիզմներն, ըստ էության, բավարար չեն, որպեսզի պետությունն ապացուցի, որ տվյալ անձն ապօրինաբար է ձեռք բերել իր գույքը:
Հայաստանի համեստ պաշտոնյաները. Փաշինյանի նախարարներից ոմանք տուն չունեն