Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին և նշել, որ Իրանի նախաահի այցը Հայաստան թեև տեղի է ունենալու ԵԱՏՄ համաժողովի շրջանակում, բայց դա չի նշանակում, որ չկան երկկողմ օրակարգային հարցեր, որոնք չեն քննարկվելու: Անշուշտ, անդրադարձ կլինի նաև երկկողմ հարաբերություններին, որոնք բազմազան են:
«Այցի նախօրեին հայկական և իրանական կողմերից նախանշվել են ուղղություններ, մասնավորապես՝ հայկական կողմից առավել մեծ շեշտադրում է կատարվել էներգետիկ հարցերին և հատկապես գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի վերաբերյալ, որի առանցքը կազմում է ՀՀ-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարության տեմպերի արագացման հարցը»,- նշում է Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի փոխանցմամբ՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Իրանի փորձագիտական շրջանակներում քննարկման առարկա է դարձել ՀՀ-Իրան երկաթուղին, իսկ Իրանի նախագահի հրավիրած հատուկ նիստի ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների համատեքստում երկաթուղային ենթակառուցվածքների ընդլայնմանը: Իրանական կողմը նույնիսկ ցանկանում է առաջարկել այս հարցում եռակողմ՝ ՀՀ-Իրան-Չինաստան ձևաչափ:
«Նախագիծը բխում է մեր երկրների կենսական շահերից, և եթե գործի վերոհիշյալ ձևաչափը՝ համագործակցությունը կլինի ավելի արդյունավետ, երբ դրանում ներգրավվի նաև Ռուսաստանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական երկաթուղին կառավարվում է ռուսական ընկերության կողմից»,- նշում է Վարդան Ոսկանյանը:
Իրանագետի կարծիքով՝ Իրանի և Չինաստանի փոխգործակցությունն ավելի լայն շրջանակներ է ընդգրկում, հետևաբար, իրանական կողմը չինացիներին նշված նախագծում ներգրավելու ավելի մեծ լծակներ ունի:
Հայկական կողմն իր հերթին՝ պետք է առավել ակտիվ մասնակցություն ունենա նման ձևաչափերի ստեղծման աշխատանքներում, եթե մենք ցանկանում ենք դուրս գալ ադրբեջանաթուրքական շրջափակումից:
Հայաստանն Իրանի հետ առևտրային դրական հաշվեկշիռ ունի, ավելի լավ, քան հարևանները. դեսպան
Վարդան Ոսկանյանի համոզմամբ՝ իրանական կողմը շահագրգռված է այս նախագծով, որովհետև իրանցիները մշտապես փորձում են ունենալ այլընտրանքային ուղիներ, ուստի Հայաստան-Իրան երկաթուղին հարևան երկրի համար ունի չափազանց կարևոր այլընտրանքային նշանակություն՝ ելք ապահովելով դեպի սևծովյան տարածաշրջան: