ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է անձամբ մասնակցել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիային։ Այդ մասին նա խորհրդարանում ասաց լրագրողներին։
Ծառուկյանի խոսքով՝ եթե մշտապես ասվում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ դա նշանակում է, որ Ամուլսարի ճակատագիրը պետք է որոշի հենց նա։
«Հիմա ամենակարևոր խնդիրը ժողովրդին լսելն է։ Եթե ժողովուրդը համաձայն է, հանքը պետք է բացել: Եթե այդ համաձայնությունը չկա՝ չպետք է բացել: Ժողովուրդն է այնտեղ ապրել և ապրելու. ինչպե՞ս կարելի է նրա կարծիքը հաշվի չառնել»,–ասաց Ծառուկյանը։
Եթե այս իշխանությունն ազնիվ է, Ամուլսարի հարցում անաչառ քննություն կիրականացնի. տնտեսագետ
Նրա խոսքով` իշխանությունները հասկանում են, որ կանգնած են լուրջ խնդրի առաջ և առայժմ չեն կարողանում կողմնորոշվել։ Ծառուկյանը կարծում է, որ պետք է լիարժեք ուսումնասիրություններ կատարվեն և արդյունքները ներկայացվեն ժողովրդին։
Նա նշեց, որ երկու հանքարդյունաբերող ընկերություն ունի` Արարատի ցեմենտի գործարանը և Մղարթի ոսկու հանքը։ Եթե այնտեղ ապրող մարդիկ դրանց չաշխատելու հարցը բարձրացնեն՝ խնդիրը կլուծվի։
«Չկասկածեք, դրանք չեն աշխատի», – ասաց Ծառուկյանը։
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել
Նրան զարմացնում է Lydian Armenian–ի ներդրումների թիվը` 400 միլիոն դոլար։
«Երկու պոչամբար են կառուցել, 50 միավոր տեխնիկա են բերել։ Ի՞նչ են արել»,– ասաց Ծառուկյանը։
Նրա կարծիքով` այդ գումարով կարելի էր կառուցել 10 գործարան` 20 հազար աշխատատեղով։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ այս պահի դրությամբ Ամուլսարի հանքի շահագործումն արգելող որևէ պատճառ չկա: Փաշինյանը հիշեցրեց, որ Moody's- ը վերջերս թարմացրեց Հայաստանի վարկային վարկանիշը, ինչը նշանակում է, որ հայկական բանկերը հնարավորություն են ունենալու ներգրավել ավելի մատչելի վարկային միջոցներ: Այս առումով, եթե իշխանությունը սկսի առանց որևէ պատճառի խնդիրներ ստեղծել ընկերության համար, դա էական վնաս կհասցնի երկրի միջազգային իմիջին: