Անպտղություն ունեցող զույգերի անվճար բուժման հերթագրումը սկսվել է. ովքեր կարող են դիմել

Արտոնյալ պայմաններով անպտղության բուժման ծրագրի իրականացման համար կառավարությունը 210 մլն դրամ է տարամադրել, որով պետք է սպասարկվի 290 զույգ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր մեկնարկում է պետության կողմից անվճար պայմաններով անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը, ինչը նշանակում է, որ անպտղություն ունեցող զույգերը կարող են արդեն հերթագրվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։

Կառավարությունն անպտղություն ունեցող զույգերին աջակցող նախագիծ է ընդունել

«Ծրագրում կարող են ընդգրկվել 20-35 տարեկան կանայք, սակայն եթե կինը 35 տարեկանում դիմի և հաշվառվի՝ մինչև 38 տարեկանը լրանալը կարող է օգտվել ծրագրից։ Ծրագրի իրականացման համար կառավարությունն այս տարի 210 մլն դրամ է տարամադրել, որով պետք է սպասարկվի 290 զույգ»,–ասաց նա։

Գայանե Ավագյանի խոսքով` ծրագրի շրջանակում բոլոր ծառայությունները պետք է անվճար լինեն։ Պետությունը կիրականացնի 100 զույգի անպտղության պատճառների հետազոտում ու դրանց վերացում, 100 կնոջ արհեստական սերմնավորում և ևս 90 կնոջ՝ 1 անգամ արտամարմնային բեղմնավորում (պետությունը կվճարի արտամարմնային բեղմնավորման 2–րդ փորձի համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը)։

Ուրոլոգի խորհուրդներն անպտղության մասին. առանց կարծրատիպերի և համացանցի

Ավագյանը նշեց, որ երբ երկրում անպտղության ցուցանիշը 15 տոկոսի է հասնում, դա ճգնաժամային է համարվում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշն արդեն 14.8 տոկոս է։ Ավելին, այս պահին 20 000 առաջնային անպտղության կա (զույգերը երեխա չունեն առհասարակ)։

Առողջապահության նախարարությունը մոտ 200 մլն դոլար կհատկացնի անպտղության դեմ պայքարի համար

«Անպտղության բուժումն անվճար կլինի այն դեպքում, երբ ամուսիններից մեկը կլինի զինծառայող կամ զույգերն ընդգրկված կլինեն ընտանեկան նպաստի համակարգում (30.01 և ավել բարձր անապահովության բալ ունեցողները)։ Բուժումն անվճար կլինի նաև սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքի բնակիչներին, ինչպես նաև այն դեպքում, երբ զույգերից մեկի մոտ կլինի հաշմանդամություն»,–ասաց նա։

Մասնագետների ահազանգը․ դեռահասության շրջանում մազահեռացումը կարող է ճակատագրական լինել

Նշենք, որ այսօրվանից սկսած բոլոր այս պայմաններին համապատասխանող և անպտղություն ունեցող զույգերը կարող են գնալ երևանյան 5 բժշկական կենտրոններից մեկը («Աստղիկ», «Շենգավիթ», «Ֆերտիլիթի», «Մարգարյան», «Արմենիա») և հերթագրվել։  Հերթագրումն իրականացվելու է էլեկտրոնային տարբերակով, և, ինչպես վստահեցրեց Ավագյանը, ծանոթ–բարեկամը չի անցնելու հերթն առաջ գցելու համար։