ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Չինական Xiaomi ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաարագ անլար լիցքավորման տեխնոլոգիան, որի հզորությունը կազմում է 30 վատտ։ Այս մասին հայտնում է gizmochina-ն։
Արտադրողը հայտնում է, որ Mi Charge Turbo անվանումը կրող տեխնոլոգիան սմարթֆոնները կլիցքավորի ավելի արագ, քան 27 Վտ հզորություն ունեցող լարային լիցքավորիչը, որը մտնում է Xiaomi-ի ֆլագմանային սմարթֆոնների հետ վաճառվող լրակազմի մեջ։ Օրինակ՝ 4000 մԱ·ժ տարողությամբ մարտկոցի 50 տոկոսը հնարավոր է լիցքավորել 25 րոպեում, իսկ 100 տոկոսը՝ 69 րոպեում։
Xiaomi-ն իր սմարթֆոնները կվաճառի հյութերի ու սուրճի պես. լուսանկար
Բացի դրանից, Mi Charge Turbo տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է լիցքավորել նաև այլ սմարթֆոններ, խելացի ժամացույցներ, ինչպես նաև ականջակալներ։
Օրինակ՝ iPhone XS-ը Xiaomi-ի միջոցով լիցքավորելիս, 20 տոկոս լիցքի է հասնում ընդամենը 30 րոպեում։ Համեմատության համար նշենք, որ Huawei P30 Pro-ն Apple-ի սարքի լիցքը կես ժամում հասցնում է ընդամենը 13 տոկոսի։
Ընդամենը 17 րոպե, և սմարթֆոնն ամբողջությամբ լիցքավորված է. տեսանյութ
Առաջին սմարթֆոնը, որը կստանա Mi Charge Turbo, լինելու է Xiaomi Mi 9 Pro 5G մոդելը։ Այս մասին Twitter-ում գրառում է կատարել ընկերության փոխնախագահը։