«Փոթորիկ մի բաժակ ջրում». ո՞վ է կազմել Քոչարյանի գործով ՍԴ դիմումը, և ի՞նչ կապ ունի Elawphant–ը

Հայկական ԶԼՄ–ները գրել են, որ Սահմանադրական դատարանի դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան կազմել է իրավաբանական ընկերություն, որը կապված է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Ինչ–որ մեկն ուզում է «խաղալ» Հայաստանում հայտնի իրավաբանական ընկերության բարի անվան հետ։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը` մեկնաբանելով իր ղեկավարած ընկերության շուրջ ստեղծված սկանդալը, որը որոշ ԶԼՄ–ներ կապում են Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած դիմումների հետ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները երկու միջնորդություն են ներկայացրել դատարան

Անցած շաբաթ 1in.am–ը գրել էր, որ ՍԴ դիմումները վերոնշյալ եվրոպական ատյաններ կազմված են եղել խախտումներով։ Պարբերականը հրապարակել էր դիմումների ֆայլի բնութագրերի պատճենները (սքրինշոթ), որում որպես ֆայլի հեղինակ նշված է «Elawphant»։

Բանն այն է, որ գոյություն ունի համանուն փաստաբանական գրասենյակ, որը գլխավորում է Գևորգ Հակոբյանը։ Վերջինս ընկերությունը հիմնել է 2016թ–ին, իսկ մինչ այդ աշխատել է «Կոնցեռն դիալոգում»։ «Կոնցեռնի» բաժնետերերից է Արամ Օրբելյանը` Քոչարյանի փաստաբաններից մեկը։ Բացի դրանից, Elawphant ընկերության ավագ աշխատակից է Ռուզաննա Աբրահամյանը, որն էլ զբաղեցվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի օգնականի պաշտոնը։

1in.am–ի հրապարակումը մեծ աղմուկ է բարձրացրել լրատվական դաշտում, որից հետո «Կոնցեռնի» տնօրենը որոշել է հանդես գալ պարզաբանումներով։

ՍԴ–ի որոշումից հետևում է` Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հայտնվել ապօրինաբար. պաշտպաններ

Ասատրյանը զրպարտություն որակեց իր ընկերության մասին խոսակցությունները, ինչպես նաև այն, որ Վենետիկի հանձնաժողով ուղարկած ՍԴ դիմումը Օրբելյանն է կազմել։ Նա հայտարարեց, որ «Կոնցեռն դիալոգը» գործում է 2003թ–ից և այնտեղ աշխատել են բազմաթիվ հայտնի իրավաբաններ։ Նրանցից մեկը Գևորգ Հակոբյանն է, որը հետագայում  որոշեց բացել սեփական ընկերությունը։

«Եթե այդ ընկերության անվանումը կա փաստաթղթերում, ընդհանրապես ի՞նչ կապ ունի «Կոնցեռն դիալոգը»։ Մեզ այդ պատմության մեջ ներքաշելու փորձն ուղղակի անհեթեթություն է։ Հետո էլ ինչի՞ց են վերցրել, որ դիմումը կազմել է Elawphant ընկերությունը։ Խոսքն ընդամենը համակարգչում ֆայլի «յուզերի» անվանման մասին է», – ասաց Ասատրյանը։

Եթե «Կոնցեռն դիալոգը» փորձում են կապել Քոչարյանի հետ, ապա, Ասատրյանի խոսքով` ինչպես կարելի է բացատրել այն հանգամանքը, որ հենց ֆիրմայի իրավաբանը` ներկայիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, 2018թ–ին պաշտպանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերը։ Բողոքի ցույցերի ժամանակ Փաշինյանին ձերբակալել էին և տարել անհայտ ուղղությամբ, և մեկ օր նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Ասատրյանը նաև հաղորդեց, որ վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը նույնպես ժամանակին աշխատել է «Կոնցեռնում», բայց ոչ ոք ընկերությունն «իշխանամետ» չի անվանում։