ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Գյումրու Անի թաղամասի սպասարկման օբյեկտում ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների բերման ենթարկելու տեսանյութերը ուսումնասիրվում են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Վստահ եմ՝ հստակ գնահատականներ կտրվեն այդ գործողություններին։ Ոչ իրավաչափ գործողությունների և դրանց մանիպուլյացիաների դրսևորումներն անընդունելի են` անկախ նրանից, թե ովքեր են դրանց կիրառողները»,- նշել է մարզպետը։
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին Կարապետ Պողոսյանը Facebook-ի իր էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ մի խումբ ոստիկաններ մտնելով գործարար Գարիկ Ուզունյանի՝ Շեկոյի խանութ, հարցնում են, թե որտե՞ղ է սեփականատերը, այնուհետ քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով դուրս բերում վաճառողին։ Օգտատերը նշում է, որ քաշքշուկն իրականացնում են Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանության Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են:
Խանութում այդ պահին եղել են նաև Վրաստանի քաղաքացի հաճախորդներ:
Ի դեպ, այս խանութին Sputnik Արմենիան անդրադարձել էր ամիսներ առաջ, որի սեփականատերն անվճար հաց էր բաժանում գյումրեցի անապահով ընտանիքներին: