Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում, մասնակցում են թուրք պաշտոնյաներ

Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում անցկացվող պատարագի պատարագիչն է Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբեր — Sputnik. Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում այսօր պատարագ է մատուցվում: Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։

«Պատարագիչն է Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Պատարագին մասնակցում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև մեծ թվով զբոսաշրջիկներ և ուխտավորներ Հայաստանից ու այլ երկրներից»,–գրում է կայքը։

«Հիշի՛ր, որ տոհմից եմ ես». ինչու է անհնար բնաջնջել Վանի հայերին

Հիշեցնենք, որ Վանի Գևաշ (պատմ. Ոստան) շրջանի Մշակույթի ու զբոսաշրջության նահանգային վարչության պետ Մուզաֆֆեր Աքթուղը վերջերս հայտնել էր, որ համաձայն 2010 թվականի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից ընդունած համատեղ արձանագրության՝ անցկացվելու է թվով 7-րդ հայկական պատարագը: «Հայկական պատարագը 3 տարի չէր անցկացվել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Անցյալ տարի վերսկսեցինք»,–ասել էր նա։

2018-ին Աղթամար կղզի է այցելել 157.000 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա 8 ամիսներին այցելուների թիվը արդեն հասել 162.000-ի, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ տարվա կտրվածքով այցելուների թիվը կհասնի 200.000-ի:

Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով: Եկեղեցու վերանորոգումից հետո հայ համայնքը տարին մեկ անգամ այնտեղ պատարագ անցկացնելու թույլտվություն ունի:

Պատմական չվերթ` Երևանից Վան. Հայաստանի 1–ին և վերջին մայրաքաղաքներին 35 րոպե է բաժանում

Օգոստոսին «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ վերջերս ադրբեջանցիները ներխուժել են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի, այն պղծել են՝ բարձրացնելով ադրբեջանական դրոշը և ադրբեջաներենով կրոնական ծես կատարել՝ պահանջելով եկեղեցին վերադարձնել իրենց: