ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. 2019 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 9 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 95.5 մլրդ դրամ ներդրում և ստեղծել 969 աշխատատեղ։ Այս մասին իր Facebook սոցիալական ցանցի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 40 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 153 մլրդ դրամ ներդրում և ստեղծել 2378 աշխատատեղ»,–գրել է նա։
Վարչապետը հայտնել է նաև, որ 2018 թվականի հունվար-օգոստոսին կառավարությունը ԱԱՀ հետաձգման գծով արտոնություն է տվել 12 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 34.9 մլրդ դրամ ներդրումային ծրագիր ու ստեղծել 813 աշխատատեղ։ Ըստ նրա` մաքսատուրքից ազատման գծով արտոնություն է տրվել 19 ներդրումային ծրագրի, որով նախատեսվել է իրականացնել 44.6 մլրդ դրամ ներդրում եւ ստեղծել 1271 աշխատատեղ։
Մեղրին տապալվե՞ց, Գյումրին կհաջողի՞. ազատ տնտեսական գոտիների հին ու նոր պատմությունները
«Այսպիսով՝ երկու ծրագրերի շրջանակներում ներդրումների աճը կազմել է 212 տոկոս, կամ 3 անգամ, ակնկալվող աշխատատեղերը աճել են 1263-ով կամ 60.6 տոկոս»,–ամփոփել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները, որից պարզ է դառնում, որ, աշխատանք փնտրողների թիվը (82 820 մարդ) ընթացիկ տարվա հուլիս ամսին, նախորդ տարվա հուլիսի դիմաց, մնացել էր նույնը։