Երևանում 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն օգնության կարիք ունեն

Ընտանիքին ուզում է փոխել միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Թումանյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից ընկած երկուսուկես տարեկան երեխայի ծնողները վարձով բնակարան են փնտրում։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է օգտատեր Վանուհի Թովմասյանը` նշելով, որ երեխայի ընտանիքը սարսափելի դեպքի նախորդ օրն է ԱՄՆ–ից Հայաստան եկել և տուն վարձակալել իրենց շենքում։

Խոշոր վթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան

«Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգությունը. ավագ որդի Արդվինը, որն ընդամենը 2.5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից գլորվեց»,- գրել է նա։

Թովմասյան նշում է` ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել` մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի, իսկ ԱՄՆ-ի դեսպանատնից ընտանիքին հայտնել են, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։

Կինը գրել է, որ հիմա ընտանիքը տան խնդիր ունի։

«Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան (չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով, գումար չեն վերցնում, բայց տղան խցկում է)։ Բացի դրանից ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ փոքրիկը 6-րդ հարկից ընկել է սեպտեմբերի 5-ին։ Այժմ նա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է։ Sputnik Արմենիային բուժկենտրոնից հայտնեցին, որ տղայի վիճակն այս պահին կայուն ծանր է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ընկնելու հետևանքով տղայի մոտ առկա է գանգի ոսկրերի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի և կոնքի ոսկրերի կոտրվածքներ: Երեկ նրա մոտ դրական տեղաշարժ է նկատվել. երեխան սկսել է ինքնուրույն շնչել։

Արծվաբերդի ձեռնոցի գործարանի 19-ամյա աշխատակիցն ընկել է վերելակի հորանը