Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև հանդիպումներ չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ չկան կարևոր հարցեր:
«Արտգործնախարարը ճիշտ է գնահատում իրավիճակը՝ ասելով, որ եթե լինեն հատուկ կարևորության հարցեր, որոնք պետք է շտապ քննարկենք ամերիկացի գործընկերների հետ, ապա այդ դեպքում, բնականաբար, հանդիպումներ և դրանց ընթացքում քննարկումներ կլինեն»,- նշում է Սուրեն Սարգսյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ այդուհանդերձ մեր երկու երկրների օրակարգում կան այլ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հարցեր, սակայն դրանք չունեն այնպիսի նշանակություն, որ պետք է լուծվեն երկրների ղեկավարների մակարդակով կազմակերպված հանդիպումների ժամանակ: Դրանք քննարկվող ընթացիկ հարցեր են, որոնց շուրջ բանակցում են ավելի ցածր կարգավիճակ ունեցող պաշտոնյաները:
«Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի մեջ որևէ փոփոխություն չկա, և երբեք այսպիսի վեկտորային մոտեցում չի եղել: Հայաստանը ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերություններ է ունեցել սկսած 1997 թվականից, երբ կնքվեց մեծ համաձայնագիր, որի մեջ ներառված են մի շարք ուղղություններ: Սա արդեն ինստիտուցիոնալ մոտեցում է: ՌԴ-ն դարձել է մեր ռազմավարական դաշնակիցը՝ իր հետ բերելով քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության վերաբերյալ հետևանքները»,- նշում է Սարգսյանը:
Քաղաքագետի խոսքով` Հայաստանը դրան զուգահեռ խորացրել է հարաբերությունները Եվրամիության հետ՝ ստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ինչը հարաբերությունների ամենաբարձր կետն է, բայցևայնպես Հայաստանի օրակարգում այժմ չկա ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց, ինչը չկա նաև նրանց օրակարգում։
«Մեր արտաքին քաղաքականությունն այնպիսին է, ինչպիսին եղել է վերջին 25 տարիների ընթացքում, երբ Հայաստանն արտաքին քաղաքականությունը կառուցել է հաշվի առնելով այն իրողություններն ու մարտահրավերները, որոնք առկա են, և Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ մեծապես մանևրելու հնարավորություն երբեք չի ունեցել ու հիմա էլ նույն իրավիճակն է»,– ասում է նա:
Սարգսյանը կարծում է, որ առաջին երեք նախագահների ու վարչապետի օրոք արտաքին քաղաքականության մեջ շեշտակի շրջադարձեր չեն եղել ու չեն կարող լինել: