ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի որոշումից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երկու միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։
«Պահանջել ենք անհապաղ դատական նիստ հրավիրել և քննարկել Քոչարյանի խափանման միջոցի ու քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»,– ասաց նա
Փաստաբանի կարծիքով Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից անմիջապես հետո դատարանը չպետք է սպասի մինչև սեպտեմբերի 12-ը (դատական հերթական նիստի օրը), այլ պետք է նիստն անհապաղ հրավիրի ու անդրադառնա խափանման միջոցի հարցին:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
ՍԴ–ի որոշումից հետևում է` Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է հայտնվել ապօրինաբար. պաշտպաններ
Ռոբերտ Քոչարյանը ՍԴ-ին խնդրել էր ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) և 135-րդ հոդվածի 2-րդ մասի (խափանման միջոց կիրառելու հիմքերի) սահմանադրականության հարցը։
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի գործով ամբողջական որոշումը