«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Նունեի ծննդյան միջոցառմանը, բայց գյումրեցի փոքրիկի նվերը բարեհաջող տեղ է հասել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. 7-ամյա  Նունեի համար այս ծննդյան օրը կրկնակի տոն է դարձել: Մինչ դասընկերների գալը նրան նախ ծնողները, տատիկն ու եղբայր են շնորհավորել, ապա անակնկալ դուռը թակել են։ Բացել են ու տեսել, որ Շիրակի մարզպետն է` Տիգրան Պետրոսյանը, որը եկել է Նունեին շնորհավորելու: Մազպետն իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից շնորհավորել է աղջկան ու նվերներ փոխանցել: Նվերներից Նունեն հատկապես հեծանիվն է հավանել:

«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ

«Վարչապետն ինձ գիտե ու նվեր է ուղարկել: Առավոտյան Շիրակի մարզպետն է բերել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմում է Նունեն ու շտապում ցույց տալ նվեր ստացած հեծանիվը:

Նունեի մայրը՝  Նինելը, պատմում է, որ աղջիկն անձամբ  է  որոշել վարչապետին նամակ գրել ու նրան իր ծննդյան տոնին հրավիրել: «Գյումրու օրվա» տոնակատարության ժամանակ նամակը փորձել են Նիկոլ Փաշինյանին փոխանցել, սակայն աղջկան չի հաջողվել վարչապետին մոտենալ: Նունեն հուզմունքից լաց է եղել: «Իմ քայլի» գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը  պատահաբար  նկատել է լացող աղջկան և խոստացել է նամակն անպայման տեղ հասցնել։ Այդպես նամակը Նիկոլ Փաշինյանին է հասել, վարչապետն էլ Շիրակի մարզպետին խնդրել է ծննդյան օրն իր փոխարեն Նունեին այցելել:

«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ

Գյումրու թիվ 6 դպրոցի երկրորդ դասարանի աշակերտուհին այս տարեդարձն իսկապես չի մոռանա. ասում է` վարչապետի անունից ստացած նվերը խնամքով կպահի։

«Շնորհակալություն եմ հայտնում,  որ նամակս չի անտեսել ու կարդացել է»,- ասում է նա։

Ծնողները պատմում են, որ Նունեն բնավորությամբ նման է տատիկին, ժիր ու ակտիվ է, տատիկի հետ էլ ամեն երեկո հեռուստաէկրանից օրվա անցուդարձին, քաղաքական զարգացումներին է հետևում։

«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ

Աղջնակը դեռ չի որոշել, թե ոստիկանի, բժիշկի ու մարմնամարզուհու մասնագիտություններից որը կընտրի, բայց խոստանում է լավ սովորել:

Այժմ էլ Նունեն անհամբեր սպասում է սեպտեմբերի 21-ին. հուսով է` Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառմանն անձամբ կկարողանա շնորհակալություն հայտնել Փաշինյանին:

«Փաշինյանն ինձ նվեր է ուղարկել». ի՞նչ է ստացել 7-ամյա Նունեն ծննդյան օրը. տեսանյութ