ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը MMA-ի մրցաշարի իր երրորդ մենամարտում 3-0 հաշվով հաղթել է Մուրատխան Սայիտխանովին։ Այս մասին մարզիկը հայտնել է Instagram–ի իր էջում:
Ինչպես է Միհրան Հարությունյանը պայքարում երևանյան շոգի դեմ. տեսանյութ
«Մյուս մենամարտը կլինի հոկտեմբերին: Շնորհակալ եմ բոլորին, շարժվում ենք առաջ: Հ.Գ. Իմ համեստ հաղթանակը նվիրում եմ եղբորս՝ Արմանին, որը վերջերս մահացավ: Այսօր նաև իմ լավ ընկերոջ rulles_k_g_v ծննդյան օրն է»,- հրապարակված տեսանյութին կից գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք` հայ մարզիկն ավելի վաղ հայտարարել էր, որ վերադառնում է ըմբշամարտ և մտադիր է 2020 թվականին մասնակցել Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:
Հետո ավելին է լինելու. Միհրան Հարությունյանը ջախջախեց բելառուսին. տեսանյութ
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել էր 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով արժանացավ ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալի։
Օլիմպիական խաղերից հետո Միհրանը հանդես էր գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և մինչ այս անցկացրել էր 2 հաղթական մենամարտ:
Ըմբիշը հայտարարել է, որ մտադիր է վերցնել այն, ինչը պատկանում է իրեն`ակնարկելով, որ ուզում է տիրանալ օլիմպիական խաղերի ոսկե մեդալին: