Հայաստանում կարմրուկի դեպք է արձանագրվել. այն բերովի է

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն հինգերորդ դեպքն է գրանցվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Տեղեկացվում է, որ հիվանդը ժամանել է Ուկրաինայից օգոստոսի 31-ին: Կլինիկական ախտանշաններն ի հայտ են եկել սեպտեմբերի 3-ին՝ ջերմության բարձրացում, թուլություն, իսկ սեպտեմբերի 6-ին սկսվել է ցանավորում դեմքի շրջանում: Հիվանդը դիմել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց և ախտորոշվել է «կարմրուկ»: Տվյալ պահին հիվանդի մոտ կա կոնյուկտիվիտ, հազ, կոկորդի կարմրություն, ընդհանուր թուլություն:

Կարմրուկի ախտանշաններն ու վտանգները

Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից լաբորատոր հաստատված բերովի արդեն հինգերորդ դեպքն է գրանցվում: Համաճարակաբանորեն դեպքերից 3-ը կապվում են Ուկրաինայի, 2-ը` Վրաստանի հետ:

Նշենք, որ կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ  հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունը համարվում է թոքաբորբը: Նյարդաբանական  բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։

Գրիգորյան. «Պատվաստումները պետք է իրականացվեն հանգստի մեկնելուց առնվազն 10 օր առաջ»

Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն Ուկրաինան է, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով: