Բունտ` ի պաշտպանություն «զոն նայողների». ի՞նչ իրավիճակ է ՔԿՀ–ներում

ՔԿՀ–ներում դրությունը կարող է կրկին լարվել, այդ պատճառով աշխատակիցները հիմա ավելի զգոն են, որպեսզի հնարավոր անկարգությունների դեպքում կարողանան վերահսկել իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հիմա իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին տեղեկանում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի facebook-յան ուղիղ հեռարձակումից, որն իր գործընկեր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ։

«Գորիս» ՔԿՀ–ում 31–ամյա կալանավորին սավանով կախված են գտել պատուհանի ճաղավանդակից

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել էին անհնազանդության դրսևորումներ։ Դրանք դադարեցվել են Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում։

Ինչպես տեղեկացրեց Անի Սամսոնյանը, անհնազանդությունները կապված են կառավարության նախաձեռնած օրինագծի հետ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը։ ՔԿՀ–ներում որոշել են բունտ անել` ի պաշտպանություն «զոն նայողների»։

Կոնկրետ «Նուբարաշեն» ՔԿՀ–ում անկարգությունները սկսվել են ժամը 15։30–ի կողմերը։ 3–րդ և 4–րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, ապա այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով հրդեհվել է ՔԿՀ–ի հարակից խոտածածկ տարածքը։

«Իրավիճակը լարված է եղել, բայց աշխատակիցների ջանքերով հանդարտեցվել է։ Բոլոր քայլերը տեղի են ունեցել օրենքի սահմաններում, քրեակատարողական ծառայողները ուժի կիրառման չեն դիմել, չկան պատժախուց տարված կալանավորներ, ինքնավնասման դեպքեր էլ չեն գրացվել։ Էրեբունու դատախազությունում նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար»,–ասաց Սամսոնյանը։

Հեղինակություն վայելող դատապարտյալին խոշոր կաշառքով «լավ են նայել». կա ձերբակալված

Քրեակատարողական ծառայողները տեղեկացրել են, որ ՔԿՀ–ներում դրությունը կարող է կրկին լարվել, այդ պատճառով աշխատակիցները հիմա ավելի զգոն են, որպեսզի հնարավոր անկարգությունների դեպքում կարողանան վերահսկել իրավիճակը, որն այս պահին վերահսկելի է։

Պատգամավորները խոստացան հետևել իրավիճակին նաև մյուս ՔԿՀ–ներում։

«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց պատժելու մեխանիզմ է մշակել

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ին հաստատել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծը։ Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։