Եթե սեղանին փաստաթուղթ չկա, դա չի նշանակում, որ ԼՂ հարցում չենք բանակցում. Մնացականյան

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` Ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի լինելու այնպես, որ մի կողմն ուզի իր մաքսիմալիստական ձգտումներով առաջ գնալ ու այդ մոտեցումը պարտադրի մյուս կողմին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան կարգավորման հարցում եթե բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ այս պահին չկա, դա չի նշանակում, որ բանակցություններ չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը շուտով կհանդիպեն

«Ղարաբաղյան կարգավորման հարցը գործընթաց է, որը չի սկսվել անցած տարվա մայիսից, այլ բավական երկար պատմություն ունի։ Ու դրա համար էլ մենք մեծ նշանակություն ենք տալիս հարցի լուծման շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավմանը։ Մեր գերակա խնդիրն այս ընթացքում ձևավորված պարամետրերին  անդրադառնալն է»,–ասաց նա։

Նախարարի խոսքով` Ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի լինելու այնպես, որ մի կողմն ուզի իր մաքսիմալիստական ձգտումներով առաջ գնալ ու այդ մոտեցումը պարտադրի մյուս կողմին։

Ամեն դեսպան պետք է ներկայացնի, թե ինչպես կարող է նպաստել ներդրումներ բերելուն. Մնացականյան

Նա նշեց նաև, որ Հայաստանի համար ԼՂ–ի կարգավորման խաղաղ դրույթն այլընտրանք չունի և հայկական կողմը շարունակելու է իր բոլոր ջանքերը ներդնել հենց այդ ուղղությամբ։

Ադրբեջանում գտնվող հայ զինվորի հարցը մտահոգիչ է. Զոհրաբ Մնացականյան

Հարցին` Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը Հայաստանն է և վերջ», կարո՞ղ է տարընթերցումների տեղիք տալ` Մնացականյանը պատասխանեց, որ վարչապետի ելույթում մեծ նշանակություն ունեն կոնտեքստն ու շեշտադրումները։

«ՀՀ վարչապետն իր ելույթում շատ ընդարձակ խոսել է համահայկականության մեր ընդհանուր պատկերացումների, ինչպես նաև համերաշխության ու զարգացման մեր նպատակների մասին։ Ոչինչ պետք չէ ավելացնել այդ ելույթին։ Վարչապետը վերահաստատել է բոլոր այն սկզբունքային մոտեցումները, որոնք հաստատված են Հայաստանի կողմից ԼՂ կարգավորման գործընթացում»,– ասաց Մնացականյանը։

Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով լավ լուր չկա. ԱԳ նախարար

Հիշեցնենք, որ օգոստոսի 5–ին Ստեփանակերտում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը թվարկել էր այն խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել էր, որ չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է, և վերջ»։

Ադրբեջանական կողմը Փաշինյանի խոսքերը «ագրեսիվ ելույթ» էր որակել։