Թոշակառուները բողոքում են, որ իրենցից գումար են պահում. Բաթոյանը դիմել է «Հայփոստի» ղեկավարին

Քաղաքացիները բողոքում են, որ «Հայփոստի» աշխատակիցները կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանին՝ խնդրելով ուսումնասիրել քաղաքացիներից ստացած մի շարք բողոքները և համապատասխան լուծում տալ դրանց: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ֆեյք թոշակառուներ ու նպաստառուներ. ինչպես է բարեփոխվելու սոցիալական ապահովության համակարգը

«Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և Ձեր ջանքերը կենսաթոշակների վճարման ոլորտում առկա խնդիրների վերացման ուղղությամբ, սակայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դիմումներ ստանալ քաղաքացիներից»,- գրել է նախարարը:

Բանն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ «Հայփոստի» աշխատակիցները քաղաքացիների կենսաթոշակից գումար են պահում կամ առաջարկում են գնել ինչ-որ ապրանքներ: Բացի այդ, ներկայացվել է տեղեկատվություն նաև այն մասին, որ կենսաթոշակ բաժանելիս չեն պահպանվում անձնական տվյալների գաղտնիությունը (օրինակ` «Հայփոստի» աշխատակիցը կենսաթոշակը բաժանելու նպատակով կենսաթոշակառուներին հրավիրում է գյուղի հավաքատեղի և բոլորի ներկայությամբ վճարում է կենսաթոշակը):

Կառավարությունն ավելացնում է դայակներին տրամադրվող պետական աջակցությունը

Հաշվի առնելով Սոցիալական ապահովության ծառայության և «Հայփոստ» ՓԲ ընկերության միջև կնքված 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման» պայմանագրի դրույթները և քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պատշաճ իրացման անհրաժեշտությունն ու կարևորությունը՝ Բաթոյանը խնդրել է գրությամբ ներկայացված հարցերն ուսումնասիրել և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ քաղաքացիների կենսաթոշակն ամբողջությամբ ժամանակին և պատշաճ կերպով վճարելու համար։

Ծերանոցներում ու մանկատներում կասկածելի սնունդ է հայտնաբերվել. Զարուհի Բաթոյան