Թեպետ ԲՀԿ խմբակցության առանձին պատգամավորներ մի քանի օրով մեկնել են հանգստի, բայց խմբակցությունում աշխատանքային պրոցեսը չի դադարել: Sputnik Արմենիային այս մասին ասաց Իվետա Տոնոյանը։ Այդ աշխատանքային վիճակի մասին է վկայում այն, որ ԱԺ հենց առաջիկա քառօրյայի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մշակած կամ համահեղինակած բազմաթիվ նախագծեր կներկայացվեն քննարկման:
ԲՀԿ-ական պատգամավորներին ասվել է, որ այլևս չխոսեն ներքաղաքական հարցերով. «Ժողովուրդ»
«Նախագծերի մի մասը կառավարությունը մերժել է, և արդեն ձևավորված բարի ավանդույթի համաձայն` այդ նախագծերը մերժվում են նաև համապատասխան հանձնաժողովներում: Բայց կանոնակարգի համաձայն, այնուամենայնիվ, անգամ այդ մերժված նախագծերին անդրադարձ կատարվելու է ԱԺ լիագումար նիստի աշխատանքների ընթացքում»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Իհարկե, կան նաև չմերժված, հանձնաժողովներում հաստատված նախագծեր: Այդ շարքից, որպես օրինակ, Իվետա Տոնոյանը նշեց գործընկեր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրինագիծը, որը հաստատվել է պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Այդ նախագծով առաջարկվում է քրեական պատասխանատվություն սահմանել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կենդանիներին խոշտանգելու համար: