ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում՝ Հայաստանի մայրաքաղաքից 140 կմ հեռավորության վրա, այսօր Գիտաարկածային զբոսաշրջության կենտրոն է բացվել: Այստեղ քեմփինգ է գործելու, կստեղծվեն նաև բոլոր պայմանները հնագիտական արշավախմբերի աշխատանքների համար։
Կենտրոնը բացվել է «Time land» հիմնադրամի, Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացման նախագծի (որն իրականացնում է ՄԱԿ–ի զարգացման ծրագիրը (UNDP) ռուսական վստահության հիմնադրամի միջոցներով) և USAID–ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի համագործակցությամբ։
«Կենտրոնն արտասովոր է նրանով, որ ստեղծվել է տեղի համայնքի ուժերով, և այստեղ արդեն գիտական արշավախմբեր, զբոսաշրջիկներ են գալիս։ Այս նախագծի շնորհիվ զբոսաշրջիկները, որոնք գյուղ են գալիս, հնարավորություն ունեն ժամանակ անցկացնել հարմարավետ պայմաններում։ Միջոցներ ներդնելով, մենք, ըստ էության, մարդկանց համար հնարավորություն ենք ապահովում ապրելու, աշխատելու և զարգանալու այստեղ` Հայաստանում, գյուղական տեղանքում», – ասաց կենտրոնի բացմանը Հայաստանում UNDP-ի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարյասինը։
Նա նկատեց, որ կենտրոնը կծառայի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև գյուղի բնակիչներին, որոնք կկարողանան ժամանակ անցկացնել ժամանակակից պայմաններում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող ՄԱԿ–ի ծրագրի նախագծի այս մասն իրականացվել է ամերիկյան գործընկերների հետ համագործակցությամբ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Դմիտրի Ստեպանովն իր հերթին ընդգծեց, որ հանրապետությունում զբոսաշրջային ոլորտը զարգացնելով, ռուսական կողմը ձգտում է աջակցել երկրի առաջընթացին ընդհանուր առմամբ։
Նրա խոսքով` սա նախևառաջ ուղղված է նրան, որ երիտասարդները չմեկնեն Հայաստանից և նպաստի հանրապետության քաղաքների և գյուղերի զարգացմանը։
«Հայաստանում բացառիկ վայրերի հսկայական քանակ կա, որտեղ Ռուսաստանի աջակցությամբ տարբեր նախագծեր են իրականացվում. ստեղծվում են գինու և գաստրո բակեր, պանրային բակեր, զբոսաշրջային կենտրոններ», – նշեց դիվանագետը։
Հայաստանում USAID առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը նշեց, որ Կալավանում հրաշալի բնություն է և մեծ զբոսաշրջային ներուժ կա։ Նա համոզված է, որ դա կարող է օգնել գյուղի բարգավաճմանն ու որպես օրինակելի համայնք՝ նրա կայացմանը։
«Մեզ համար կարևոր է աջակցությունն այն նախաձեռնություններին, որոնք առանձին գյուղերի բնակիչների համար կայուն եկամտի այլընտրանքային աղբյուր են ստեղծում», – ասաց նա։
Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը, որը վերջերս նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական, նշեց` Կալավանում տեղի ունեցողը գյուղական համայնքի զարգացման լավ օրինակ է։
«Մենք շատ լավ ենք հասկանում, որ անիմաստ է բարեփոխումներ իրականացնել, եթե մարդիկ դրան պատրաստ չեն։ Մեր բոլոր նախագծերը բխում են համայնքի շահերից», – ասաց Ղուկասյանը։
Կալավանի հրաշքը. արկածային զբոսաշրջություն, թե՞ համայնքային զարգացում
Նշենք, որ կենտրոնի ստեղծումը շուրջ 150 հազար դոլար է գնահատվում։ Ռուսաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ 3 մլն դոլար է տրամադրել ագրոտուրիզմի զարգացման UNDP նախագծի իրականացման համար։ Նախագիծը գործարկվել է 2016 թվականի սկզբին և նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թվականը։