Հայաստան–Իտալիա խաղի տոմսերը «թռցրել» են. 1000 դրամանոց տոմսը 20 հազարով են վաճառում

Երևանի մարզադաշտի տոմսարկղն արդեն մի քանի օր է` փակ է, բայց խաղի տոմսերը հնարավոր է գնել «սև շուկայում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում աննախադեպ աշխուժությունն է տիրում. Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումից առաջ նախապատրաստական վերջին աշխատանքներն են իրականացնում։ Հայկական հատվածի բոլոր տոմսերը վաճառվել են, իսկ իտալականը կիսադատարկ է լինելու։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մարզադաշտի տնօրեն Արամ Գալյանը։

Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը

Նրա խոսքով` մարզադաշտում 14290 տեղ կա, որից 920–ը նախատեսված է Իտալիայի հավաքականի երկրպագուների համար։ Հայկական հատվածի տոմսերը շատ արագ վաճառվել են, իսկ իտալական հատվածում մոտ 120 երկրպագու է լինելու։ ՈւԵՖԱ–ի կանոնների համաձայն` ընդունող կողմը պետք է տեղերի 20%–ը հյուրերին տրամադրի և այդ տոմսերը վաճառելու իրավունք չունի։ Այդ օրենքը խախտելու դեպքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է տուգանվել 150 հազար եվրոյով։

«Խաղը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Բարեկամներս, ընկերներս, ծանոթներս զանգում, խնդրում են օգնել տոմս գնել, բայց ես ոչնչով չեմ կարող օգնել։ Դատարկ տեղերին եմ նայում, ու սրտիցս արյուն է կաթում, բայց կանոնադրությունը կանոնադրություն է մնում։ Երկրպագուներ են գալու Ռուսաստանից, ԱՄՆ–ից, Եվրոպայից, հենց նույն Իտալիայից», – նշեց Գալյանը։

Հայաստանի հավաքականի վերջնական կազմը հայտնի է. ովքե՞ր են դուրս մնացել հայտացուցակից

Մարզադաշտի տնօրենի խոսքով` ֆուտբոլիստների ու երկրպագուների անվտանգությունն ապահովելու գործում ներգրավված են իրավապահ մարմինների 600 աշխատակից, ևս 300 մարդ էլ` անվտանգություն ապահովող ծառայությունից։ Նա դեռ չգիտի` երկրի բարձրագույն ղեկավարությունը ներկա կլինի խաղին, թե ոչ, բայց պատրաստ են դիմավորել բարձրաստիճան հյուրերին, հատկապես, որ խաղին ներկա է լինելու ՈՒԵՖԱ–ի նախագահ Ալեքսանդր Չեֆերին։

Sputnik Արմենիայի թղթակիցը փոքր հետաքննություն է անցկացրել ու պարզել, որ դրամարկղերում իսկապես տոմսեր չկան, բայց դրանք կարելի է ձեռք բերել «սև շուկայում»։ Այն կայքերում, որտեղ վաճառքի վերաբերյալ հայտարարություններ են հրապարակվում, Հայաստան–Իտալիա խաղի տոմսերը վաճառվում են 12–20 հազար դրամով (դրանք մի քանի շաբաթ առաջ դրամարկղերում վաճառվում էին հազար դրամով)։

Նշենք, որ Հայաստան–Իտալիա հանդիպումը կկայանա այսօր` սեպտեմբերի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղը կսկսվի 20։00-ին։

Խաղը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը՝ Դանիել Զիբերտի գլխավորությամբ։

Ֆուտբոլի շնորհիվ միլիոնավոր իտալացիներ նոր Հայաստան կբացահայտեն. Իտալիայի դեսպան