ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ոչ մի գլխավոր շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի պաշտոնավարել։ Այս մասին ԱԻՆ աշխատողի օրվան նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արտակ Դավթյանը շուտով կլքի պաշտոնը և նրա փոխարեն ԶՈւ գլխավոր շտաբի պետ կնշանակվի Դավթյանի տեղակալ Օնիկ Գասպարյանը։
«Պաշտպանության նախարարի հետ որևէ լարվածություն չկա և չի կարող լինել։ Գլխավոր շտաբը նախարարին է ենթարկվում ու նրա հրամանները կատարում։ Որևէ լարվածության մասին ես տեղյակ չեմ։ Ինչ վերաբերում է իմ` պաշտոնը լքելուն, ապա օրենքով նախատեսված ժամկետներ կան պաշտոնավարման, և դրանք լրանալուց հետո, բնականաբար, դուրս եմ գալու»,–ասաց նա։
Դավթյանը նշեց, որ կա աշխատանքային կարգ, որով էլ իրենք առաջնորդվում են աշխատանքային հարաբերություններում։ Նա հայտնեց, որ որոշում կայացնելուց յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնում, սակայն երբ նախարարն արդեն ի մի է բերում այդ ամենը և ինչ-որ որոշում կայացնում, բոլորը կատարում են այդ հրամանը։
Հարցին, թե ճի՞շտ է, որ Օնիկ Գասպարյանին են նշանակելու նրա փոխարեն` Դավթյանը պատասխանեց, որ Գասպարյանն իր առաջին տեղակալն է, և իր դուրս գալու դեպքում, այո, գուցե նա էլ նշանակվի իր փոխարեն։
«Եթե չաշխատեն, ինքնասպանության դեպքերը կլինեն ոչ թե 2, այլ 12». Դավթյանը` բանակի մասին
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Արտակ Դավթյանին հնարավոր է տանեն Մովսես Հակոբյանի տեղը՝ զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին:
Ի դեպ, 2019թ. հուլիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանին շնորհեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: