ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սյունիքում երկու հովվի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 17:05-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Սյունիքի մարզի Տորունիք բնակավայրի արոտավայրում հայտնաբերել է հորը և համագյուղացուն՝ մահացած վիճակում»,–նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել Սյունիքի մարզի բնակիչ, 1968թ. ծնված տղամարդու դին՝ գլխի գագաթային շրջանի վնասվածքներով, և նույն մարզի բնակիչ, 1992թ. ծնված երիտասարդին՝ կզակի ստորին հատվածում հրազենային վնասվածքով, ինչպես նաև՝ վերջինիս դիակի կողքին՝ 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ճամբարակում 29 տարեկան հովիվ է կորել
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այն է` սպանությունը։
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են փորձանմուշներ:
Տուժողներին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակների դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով՝ տղամարդիկ հովվություն էին անում. տարածքում հայտնաբերվել է նաև նրանց հոտը։ Ըստ գյուղում առկա խոսակցությունների՝ նրանք թեժ վիճել են իրար հետ, ինչի ժամանակ էլ տեղի է ունեցել սարսափելի դեպքը։