ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորում չի կարող կիրառվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ–ում Քոչարյանի ներկայացուցիչ Արա Վարդևանյանը` մեկնաբանելով ՍԴ–ի այսօրվա որոշումը։
«ՍԴ–ն որոշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, այսինքն` խախտվել է Քոչարյանի` Սահմանադրության 27–րդ հոդվածը` անձնական ազատության իրավունքը։ Ստացվում է` կալանավորումը, որը կիրառվել է Քոչարյանի նկատմամբ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը»,–ասաց նա։
Նրա խոսքով` եթե ՍԴ–ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է` Քոչարյանի կալանավորումը չի կարող իրավական լինել։ Ըստ նրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35–րդ հոդվածն ավելի ընդհանուր հոդված է, իսկ 135–ը նեղ կարգավորում է նախատեսում` այդ երկուսը միմյանց լրացնող հոդվածներ են։
Նա հիշեցրեց, որ ՍԴ որոշումը չկատարելը քրեորեն հետապնդելի արարք է։ «Այժմ Քոչարյանի խափանման միջոցը կարող է փոխել Առաջին ատյանի դատարանը կամ քրեակատարողական հիմնարկը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործովքիչ առաջ որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչել Սահմանադրության 61, 63 հոդվածներին հակասող։ Իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը (խափանման միջոց կիրառելու հիմքերի) համապատասխանում է Սահմանադրությանը։