Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ

Ռուբեն Վարդազարյանը վստահ է` Հայաստանում չկա որևէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել՝ հաշվի առնելով դատարանի առջև կանգնած, բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերաբերող գործով դատավարության ընթացքում դրսևորվում է դատարանի վրա ճնշելու փորձ, բայց նրա համոզմամբ՝ դա չի կարող ազդել արդարադատական պրոցեսի վրա: Նա այս մասին ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։

Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպե՞ս կմեկնաբանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի հայտարարությունները, որ իշխանությունն ահռելի ճնշումներ է գործադրում դատական համակարգի վրա: Ռուբեն Վարդազարյանը նախ նկատեց, որ «ահռելի» բառը չափազանցված է:

«Սակայն գտնում եմ, որ ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում, ոչ միայն իշխանական թևից»,– ասաց նա։

Վարդազարյանը նշեց, որ երկրորդ նախագահի գործի շրջանակում հասարակությունը երկու մասի է բաժանվել։

Քոչարյանի գործով կա երկուստեք ճնշման փորձ, բայց ոչ՝ ճնշում. ԲԴԽ նախագահ

«Մամուլով տեսնում ենք, ես էլ ձեզ հետ, դատարանի առջև բողոքի ակցիաներ են իրականացնում և՛ պաշտպանները, և՛ հակառակորդները, փորձում են վանկարկել ինչ-որ բառեր, բառակապակցություններ, դարձվածքներ, որոնք որ ես գնահատում եմ, որ դա փորձ է ճնշման: Բայց վստահ եմ, որ չկա որևէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել՝ հաշվի առնելով դատարանի առջև կանգնած, բողոքի ակցիա իրականացնող մարդկանց բառակապակցությունները»,– ասաց նա:

Պուտինի` Քոչարյանին ուղղված շնորհավորանքում որևէ արտառոց բան չկա. դեսպան Տողանյան

ԲԴԽ նախագահը նկատեց, որ դատավորները շատ ժամանակ չեն էլ կարող լսել այդ վանկարկումները, քանի որ ձայները դահլիճ չեն հասնում: Ամեն դեպքում, նրա համոզմամբ, դա որևէ կերպ չի կարող ազդել արդարադատական պրոցեսի վրա:

Լրագրողները փորձեցին ճշտել, թե Ռուբեն Վարդազարյանն ի՞նչ նկատի ունի՝ իշխանական թև ասելով։

«Ես ի՞նչ ասացի: Ասացի՝ կա դատարանների վրա ճնշելու փորձ: Ընդամենը փորձ, ոչ թե ճնշում: Երկու կողմը՝ Քոչարյանի գործով, երկրորդ նախագահի գործով կան պաշտպաններ, որոնք պաշտպանում են երկրորդ նախագահին և որոնք ընդդիմախոսում են: Դա ես գնահատում եմ որպես ճնշման փորձ»,– ասաց նա։

Վարդազարյանը ևս մեկ անգամ շեշտեց` դա ընդամենը փորձ է, ճնշում չէ։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: