ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանի հավաքականի իրական դեմքը վերջին հանդիպումներն են, որոնցում հաղթեց Լիխտենշտեյնի ու Հունաստանի հավաքականներին։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին` անդրադառնալով սեպտեմբերին 5–ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրո 2020թ.–ի որակավորման փուլի Հայաստան–Իտալիա հանդիպմանը։
«Հայաստանի հավաքական մարզիչը դեռևս նոր է, և բնականաբար թիմի խաղային որակները փոխելու համար ժամանակ է պահանջվում, և նա այդ ժամանակը բավական լավ է օգտագործել է»,– ասաց նա։
Ճիշտ է` Իտալիայի հավաքականը չորս անընդմեջ հաղթանակ է տոնել ընտրական փուլում և պետք է փորձի հնարավորին չափ արագ հասնել արդյունքի, բայց, ըստ մարզչի, այս պահի դրությամբ հավաքականն այնքան էլ լավ ֆիզիկական վիճակում չէ։
«Թիմն ունի կորուստներ առանցքային խաղացողների վնասվածքների պատճառով, սակայն անկախ ամեն ինչից, Իտալիայի հավաքականը վաղը Հայաստանի հետ և սեպտեմբերի 8-ին Ֆինլանդիայի հետ խաղերում փորձելու է հասնել միայն հաղթանակի»,– ասաց մարզիչը։
Մանչինին նշեց նաև, որ Հայաստանի հավաքականի հարձակման գիծը շատ ուժեղ է. 4 խաղացող կա, 4-ն էլ տարբեր որակներ ունեն, և այդ խաղացողներին «վնասազերծելու» համար Իտալիայի հավաքականը պետք է բավականին լուրջ աշխատանք կատարի պաշտպանությունում։
Իտալիայի հավաքականի ավագ Լեոնարդո Բոնուչին էլ հիշեց, թե ինչպիսի լարվածությամբ է ընթացել Հայաստանի և Իտալիայի հավաքականների հանդիպումը 2012 թվականին։ Նրա խոսքով` թեև իրենք հաղթեցին Հայաստանին, բայց հիմնականում հավասար պայքար էր ընթանում, և Իտալիայի հավաքականը վերջին 10 րոպեներին կարողացավ հաղթանակ կորզել ` գոլ խփելով 11 մետրանոցից։
Բոնուչին անդրադարձավ նաև Հենրիխ Մխիթարյանի` «Ռոմա» ակումբ տեղափոխվելուն` նշելով, որ իտալական A սերիայում հարմարվելը մի փոքր դժվար է, բայց հայ ֆուտբոլիստի համար դժվար թե խնդիր լինի։
«Ես հավատում եմ, որ նա կդառնա «Ռոմայի» առաջատարներից մեկը»,– ասաց նա։
Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի վերջ։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի» քաղաքում Մխիթարյանը ելույթ է ունենալու 77 համարով։