ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Այսօր մոլորակի, թերևս, ամենամարդասիրական ուժային կառույցի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն է:
Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ մասնագիտական տոնի առթիվ շնորհավորելով իր ղեկավարած կառույցի աշխատակիցներին:
Ցոլակյանը նշել է, որ հոկտեմբերի 1-ից փրկարարների աշխատավարձը կբարձրանա: Դրանից բացի, փրկարարական գույք ձեռք բերելու համար կառավարությունը վերջին շրջանում պետական բյուջեից նախարարությանը տրամադրել է ավելի քան 260 միլիոն դրամ, հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգման համար՝ մոտ 1 միլիարդ դրամ:
ԱԻ նախարարը նշել է, որ արտակարգ իրավիճակների և հատկապես հրդեհների առումով՝ այս տարին աննախադեպ էր ողջ աշխարհի համար:
Հայաստանում հրդեհների քանակն ու մասշտաբներն այնքան մեծ են եղել, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև փրկարար ծառայության կենտրոնական ապարատը:
«Գուցե զավեշտալի թվա, բայց այսօրվա հանդիսավոր շքերթի նախապատրաստական աշխատանքներին անգամ փրկարար չէինք կարողանում գտնել, որ փորձերին մասնակցի: Բոլորը հրդեհաշիջմանն էին մասնակցում»,-գրել է նախարարը՝ փաստելով, որ փրկարարները, և հատկապես շարքային կազմի տղաները, պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրը՝ անմիջական վտանգի տակ դնելով սեփական կյանքերը:
Տղաներից մի քանիսը դեպքի վայրում մի քանի օր անընդմեջ տքնելուց հետո այն աստիճանի են ուժասպառ եղել, որ տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, բայց հաջորդ օրը նորից շտապել են դեպքի վայր:
«Ի՞նչ է սա, եթե ոչ հերոսություն:
Սա է իմ պատկերացրած փրկարարի տեսակը: Փրկարարը հերոս է: Իր հայրենիքի ու ժողովրդի հերոս-զինվորը, ով օր ու գիշեր կռիվ է տալիս հրդեհի, սողանքի, երկրաշարժի և մնացյալ աղետների դեմ, ով սահմանից այս կողմ ապահովում է իր քաղաքացու անվտանգությունն ու անդորրը»,-գրել է Ցոլակյանը:
Կրկին շնորհավորելով ԱԻՆ բոլոր աշխատակիցների մասնագիտական տոնի առթիվ, նախարար Ցոլակյանը գրել է, որ ԱԻ երկու աշխատակցի մեքենայով պարգևատրելու որոշում է կայացրել.
«Փրկարարներից մի քանիսը հոգնածության, ծանրաբեռնվածության պատճառով՝ դեպքի վայրից տունդարձի ճանապարհին վթարի են ենթարկվել, որոնցից երկուսի՝ Փ/Ծ փոխգնդապետ Գարեգին Հակոբյանի և Փ/Ծ ավագ սերժանտ Անդրանիկ Ղազարյանի ավտոմեքենաները գրեթե վերածվել էին մետաղի ջարդոնի: Ես չգիտեմ, ունեմ դրա իրավունքը թե ոչ, բայց բացառիկ որոշում եմ կայացրել, որոշել եմ ԱԻՆ ողջ անձնակմի անունից տղաներին պարգևատրել նույնանման ավտոմեքենաներով:
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,-իր շնորհավորակական ուղերձը եզրափակել է ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ միայն վերջին մեկ-երկու ամիսներին Հայաստանում խոտածածկ ու անտառապատ տարածքների ամենօրյա հրդեհներին զուգահեռ՝ մի քանի բարդ հրդեհ եղավ;
Միայն «Ձյունիկ սառնարանի» հրդեհը մարելու համար փրկարարներից 6 օր պահանջվեց: Հեշտ չէր նաև «Մալաթիա մոլում» բռնկված խոշոր հրդեհի մարման գործը, որին մասնակցում էր հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ: