ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի իրավիճակի վերաբերյալ շահագրգիռ քննարկում է եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
«Կառավարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը խոսեց, ներկայացրեց իրենց գնահատականները։ Որոշվեց, որ ավելի կոորդինացված աշխատանք պետք է իրականացվի այն գերատեսչությունների միջև, որոնք պետք է զբաղվեն Ամուլսարի հարցով»,–ասաց նա։
Հարցին` արդյո՞ք Գրիգորյանը հստակեցրել է` կա նոր ՇՄԱԳ–ի անհրաժեշտություն, թե ոչ, ի՞նչ ժամկետներում դա պետք է արվի` Կարապետյանը պատասխանեց, որ կառավարությունն արդեն իսկ հաղորդագրություն է տարածել և դրանից ավել առայժմ ոչինչ չեն կարող ասել։
Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը հայտնել էր, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել:
Ամուլսարի գործով հնարավոր են արբիտրաժային գործընթացներ. Ավինյան
Նշվում է, որ հարցի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն: