Աշխատավարձերի յուրացում, կեղծ պայմանագրեր. որքան գումար է վատնել Ջրաշենի նախկին ղեկավարը

Իրավապահները նաև պարզել են, որ համայնքի նախկին ղեկավարը ինչ-որ ընկերության հետ կեղծ պայմանագիր է կնքել, որի հետևանքով համայնքի բյուջեից ընկերության հաշվեհամարին գումարներ են փոխանցվել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Արմավիրի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման առերևույթ հանցագործության դեպք է արձանագրել: Պարզվել է, որ Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարը մոտ 3 միլիոն 900 հազար դրամ աշխատավարձերի գումար է յուրացրել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Գեղարքունիքում չարաշահումների դեպքերով հարուցված քրգործերով վերականգնվել է 37 մլն դրամ

«Իրավապահները պարզել են, որ Ջրաշեն համայնքի նախկին ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում համայնքապետարանում համայնքի ղեկավարի տեղակալի, գրադարանի վարիչի, էլեկտրիկի հաստիքներում հրամանագրել է մտերիմներին, ովքեր փաստացի աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս գրված գումարը յուրացրել է»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Բացի այդ, աղբահանության նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրվել խոշոր չափի գումար, մինչդեռ նշված գործառույթն իրականացնող անձին յուրաքանչյուր ամիս վճարվել է ընդամենը 40.000 դրամ: Այսպիսով, այս պահին քննությանը հայտնի տվյալների համաձայն` համայնքի ղեկավարը ընդհանուր յուրացրել է մոտ 4 միլիոն 800 հազար դրամ: 

Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների` համայնքի ղեկավարը նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ընկերության հետ կնքել է կեղծ պայմանագիր, որի հետևանքով համայնքի բյուջեից ընկերության հաշվեհամարին փոխանցվել են գումարներ և կանխիկացվել: 

ՔԿ–ն հերքում է Նարեկ Կարապետյանի վարկածը. Քննչական կոմիտեն տեսանյութ ունի

Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: