ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Արդեն հայտնել էինք, որ հուլիսի 25-ին Եգիպտոսի Հուրգադա-Երևան թիվ OTF3703 չվերթի չկայանալու պատճառով Հուրգադայում էին մնացել 100–ից ավելի ՀՀ քաղաքացի:
«Տուրիստական գործակալության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (14 դրվագ), այն է` խարդախությունը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեն հայտնում է նաև, որ տուրիստական գործակալության տնօրենը, ունենալով առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցներ հափշտակելու դիտավորություն, սոցիալական կայքերում զետեղել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ ընկերությունն առաջարկել է 2019-ի ամռանից դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու և Եգիպտոսի տարբեր հյուրանոցներում հանգիստ կազմակերպելու վերաբերյալ փաթեթներ ձեռք բերել։ Տուրիստական գործակալությանն են դիմել մի շարք քաղաքացիներ և տուրիստական գործակալություններ, որոնք տուրիստական փաթեթի և ավիատոմսերի դիմաց վճարել են տարբեր չափի գումարներ:
Մինչդեռ գործակալության կողմից իբրև կազմակերպված չարթերային չվերթերը՝ սկսված 2019թ. հուլիսի 23-ից, չեղարկվել են, ինչի հետևանքով գործակալությանը դիմած քաղաքացիների հանգիստը խափանվել է:
Եգիպտոսի դեպքից հետո ՏՄՊՊՀ–ն ուսումնասիրություններ է սկսել տուրընկերություններում
Քննության տվյալներով՝ նշված ժամանակահատվածում ընկերություն դիմած մի շարք քաղաքացիներից և տուրիստական գործակալություններից ստացվել ու խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` 30.616.995 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ հուլիսի 26–ին Հուրգադայում «գերի» մնացած զբոսաշրջիկներից 132–ը վերադարձան Հայաստան։
Հուլիսի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք էր կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբի ինքնաթիռը: