«Սանիթեքը» հրաժարվել է քաղաքապետարանին տալ աղբահանություն իրականացրած տարածքների ցանկը

«Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. «Սանիթեք» ընկերությունը հրաժարվել է Երևանի քաղաքապետարանին տրամադրել առևտրային բոլոր այն տարածքների ցանկը, որտեղ վճարովի հիմունքներով իրականացրել է աղբահանություն: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

«Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ներկայում այդ կազմակերպություններն արտադրական աղբը դատարկում են քաղաքային աղբարկղեր, հաճախ նաև հարակից տարածքներ, որի իրավունքն ըստ էության չունեն»,–նշված է հաղորդագրության մեջ:

«Սանիթեքը» սպառնում է՝ աղբահանության որակի վատթարացում է լինելու

Նշվում է նաև, որ «Սանիթեք» ընկերությունն արդեն վեցերորդ օրն է՝ Երևան համայնքի ամբողջ տարածքում չի կատարում աղբահանություն իրականացնելու իր պայմանագրային պարտավորությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին «Սանիթեք» ընկերությունը հայտարարել էր, որ աղբահանության ոլորտում ծառայությունների մատուցման վատթարացում է լինելու, քանի որ ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 մլն ՀՀ դրամ:

Սեպտեմբերի 2–ին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր, որ ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը պայմանավորված է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ պայմանագրով սահմանված վճարման պարտավորության խախտմամբ: Ընկերությունը պնդում է, որ այս պահի դրությամբ Երևանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 դրամ:

Տուգանքները պայմանագրի համաձայն էին. Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Սանիթեքին»

«Սանիթեքի» գործողությունները քաղաքային իշխանությունը գնահատել էր որպես պայմանագրային պարտավորությունների խախտման ծայրահեղ դրսևորում և խոստացել, որ այն ունենալու է իր իրավական հետևանքները: