ՌԱԴԻՈ

Մելքոնյան. «Շարունակվում է թուրքական իշխանության «դաբրոների» ոճին հավատարիմ մնալը»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը Sputnuik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ու Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հանդիպմանը:
Sputnik
Մելքոնյան. «Շարունակվում է թուրքական իշխանության «դաբրոների» ոճին հավատարիմ մնալը»

Ռուբեն Մելքոնյանը Անկարայում կայացած հանդիպման առնչությամբ առանձնացնում է երկու գործոն. մեկը՝ կազմակերպչական, մյուսը՝ քարոզչական: Ըստ այդմ՝ Պոլսահայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ՝ համայնքային կազմակերպությունների ղեկավարները և պատրիարքական տեղապահն առիթն օգտագործել են հանդիպելու բարձրագույն իշխանության հետ և հստակեցնել որոշակի խնդիրներ:

«Սա նախևառաջ կազմակերպչական հարց է, բայց սրանում կա նաև որոշակի քարոզչական նրբերանգ: Խնդիրն այն է, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ Սահակ Մաշալյանը նույնպես ամենայն հավանականությամբ լինելու է թեկնածուներից մեկը, և փաստորեն որոշ ժամանակ է, ինչ սկսել էր իր նախընտրական արշավը, ուստի Պոլսո համայնքի հոգեբանությանը քիչ թե շատ ծանոթ լինելով՝ հասկանում է, որ իր հանդիպումը Էրդողանի հետ կարող է պոլսահայերի վրա ազդեցություն ունենալ: Այստեղ կա և այն թաքնված մեսիջը, որ Մաշալյանն ամենևին էլ իշխանությունների համար ոչ ցանկալի թեկնածու չէ»,- նշում է Մելքոնյանը:

Ըստ թուրքագետի՝ սա կարող է ընկալվել չհայտարարված, բայց ընդգծված պատրիարքական քարոզչություն, և աշխարհիկ գործիչները, ովքեր ուղեկցել են Սահակ Մաշալյանին, նույնպես ունեն ակնհայտ հավակնություններ ստանձնել համայնքի աշխարհիկ ղեկավարների դերը: Նրանք օգտագործելով Էրդողանի հետ իրենց հանդիպումը՝ արդեն դրան հաջորդած հարցազրույցներում ոչ ուղղակի քարոզչական հնարքներում կիրառում են այն հանգամանքը, որ հենց իրենք են Թուրքիայի իշխանությունների համար հիմնական գործընկերը, և համայնքը պետք է հենց իրենց շուրջ համախմբվի, քանի որ թուրքական իշխանությունների համար այսպիսի սցենարներ են գրվել:

Հայտնի է` ով է Պոլսո պատրիարքարանի նոր տեղապահը

«Այդուհանդերձ այս ոճն այնքան էլ ընկալելի չէ, քանի որ շարունակվում է թուրքական իշխանությունների «դաբրոների» ոճին հավատարիմ մնալը, և հայոց պատրիարքության ու հայկական համայնքի ներկայացուցիչների նմանատիպ հանդիպումներն ու նրանց անմիջական շրջապատի նետած քարոզչական տարրերը վկայում են այն մասին, որ միտումը կամ մտածելակերպը չի փոխվել, ուղղակի փոխվել են գործող անձինք»,- ասում է Մելքոնյանը:

Ո՞վ կդառնա Պոլսո պատրիարք, և ի՞նչ դիրքորոշում ունի հայ համայնքը. թոհուբոհը սկսվել է

Նշենք, որ Թուրքիայի նախագահի, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների հիմնադրամի նախագահի հանդիպման ընթացքում Էրդողանը եպիսկոպոս Մաշալյանից հետաքրքրվել է Պոլսո պատրիարքի ընտրությունների կազմակերպման գործընթացով: Մաշալյանը նշել է` սպասում են, որ կառավարությունը հրապարակի կանոնակարգը։ Էրդողանի պահանջով ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն մեկ շաբաթվա ընթացքում փաստաթուղթը պատրիարքարան կուղարկվի:

Կարո Փայլանը հանդիպել է պոլսահայ տղայի հետ, որը շոուի ընթացքում իբր իսլամ է ընդունել