ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է ՌԴ-ում կազմակերպված հատուկ զորավարժությանը

Երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությունն անցկացվել է Մոսկվայում և Սիզրանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնությունում մասնակցել է երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը` ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի գլխավորությամբ, մասնակցել է Կենտրոնական շրջանի նյութատեխնիկական ապահովման ուժերի հետ անցկացված երկաթուղային զորքերի հատուկ զորավարժությանը։ Այն տեղի է ունեցել օգոստոսի 27-ից 31-ը Մոսկվա և Սիզրան քաղաքներում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ երկաթուղային զորքերի գլխավոր վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Օլեգ Կոսենկովի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական հաղորդակցության ոլորտում համագործակցության հեռանկարները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ից 30-ը աշխատանքային այցով Հայաստանում էր ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունը՝ ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:

Այցի շրջանակում ՌԴ ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան, հրամանատարության հետ քննարկել երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված հարցեր: