ԱՄՆ-ն Հայաստանի առաջ պահանջ չի դրել. Դավիթ Տոնոյանը` զորախումբը Սիրիայից դուրս բերելու մասին

Սիրիայում հայկական առաքելություն տեղակայելը ՀՀ կառավարության որոշմամբ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ԱՄՆ-ն Հայաստանի առջև պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Այսօր մամուլը գրել էր, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը օգոստոսի 12-13–ին Հայաստան կատարած այցի ժամանակ առաջարկել է ավելացնել Սիրիայում զորախմբի անձնակազմի քանակը, իսկ ԱՄՆ-ն դրանից հետո իբր Հայաստանի առջև պահանջ է դրել հանել զորախումբը Սիրիայից։

«Նման քննարկում չի եղել առհասարակ։ Սիրիայում հայկական առաքելություն տեղակայելը ՀՀ կառավարության որոշմամբ է եղել, և մենք շարունակում ենք մեր հումանիտար գործողությունը Սիրիայում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` մեր խաղաղապահները բարձր աստիճանի են բերված, և նրանց հետ կապված ոչ մի խնդիր չկա:

Ինչպես են հայ մասնագետները Սիրիայում ոչնչացնում հայտնաբերված ականները. տեսանյութ

Հիշեցնենք, որ հայ մասնագետները Սիրիայում առաքելություն են իրականացնում այս տարվա փետրվարից։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Սիրիայում առաքելություն իրականացնող հայաստանցի բժիշկները փետրվարից ի վեր բժշկական օգնություն են ցուցաբերել 4870 մարդու, ինչպես նաև իրականացրել 394 վիրաբուժական միջամտություն։

80 հոգուց բաղկացած մասնագետների 2-րդ խումբը Հայաստանից Սիրիա է մեկնել հունիսի 4-ին։ Խմբի կազմում ներգրավված են եղել հումանիտար ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ և մասնագետների անվտանգությունն ապահովող բրիգադներ։