ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Վերջինս հայտնեց, որ գործն ուղարկվել է ԱԱԾ՝ նախաքննությունն այնտեղ շարունակելու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ քննչական գործողություններ են իրականացվում Գագիկ Խաչատրյանի առանձնատանը: Ավելի ուշ՝ ԱԱԾ-ի բակում հրավիրված ճեպազրույցի ընթացքում, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, խուզարկություն է իրականացվում ինչպես Խաչատրյանին, այնպես էլ նրա մերձավոր անձանց, այդ թվում՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Օրվա վերջում ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Գագիկ Խաչատրյանը և նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել և միջնորդություն էր ներկայացվել դատարան` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդությունները բավարարվել էին, և Գագիկ Խաչատրյանն ու Կարեն Խաչատրյանը կալանավորվել էին:
Հիշեցնենք` ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ևս Գագիկ Խաչատրյանն ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա մեղադրվում է 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ գործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել։