ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Գյումրիում աղբարկղերից մեկի մեջ նետած երեխայի 20 տարեկան մայրը փոքրիկի ձեռքերն ու ոտքերը կապել է կպչուն ժապավենով, իսկ պարանոցին կիսաշրջազգեստ է փաթաթել ու ծածկել աղբով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` ներկայացնելով նախաքննության արդյունքները։
«Նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 23:30-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, 20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմանում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել էր երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով:
Շիրակի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների» բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էր, որ սպանված երեխայի մայրը օգոստոսի 15-ին դիմել էր Շիրակի մարզպետարան, որպեսզի երեխային մանկատուն հանձնի։
Ռուսաստանի քրեական հեղինակությունները հավաքների ժամանակ քննարկել են Մասիվցի Անդիկի սպանությունը