ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձը։ Ուղերձը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։
«Հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը: Պատմությունը միայն անցյալը չէ, պատմությունը նաև այսօրն է, պատմությունը ստեղծվում է նաև վաղվա համար: Արցախի մեր պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից»,–ասում է նախագահն իր ուղերձում։
Նրա խոսքով` հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել են հայկական պետականության ամուր հիմքերը, կազմավորվել է հզոր և մարտունակ բանակ, ստեղծվել են գիտակրթական կենտրոններ և մշակութային արժեքներ։ Արցախում, ըստ նրա, ձևավորվել է խաղաղ գոյակցության ու բարիդրացիության ավանդույթներ և, ամենակարևորը, հայրենի հողն ու ընտանիքը ամեն գնով պաշտպանելու հզոր կամք ու անպարտ ոգի:
«1988-ին բոլորս միասին երազում էինք ազատ Արցախի մասին։ Հետո, երբ վտանգված էր ազատությունը, և հայ ժողովուրդը դուրս էր եկել հերթական գոյամարտի, բոլորս աղոթում էինք Արցախի փրկության համար։ Այսօր, երբ անկախությունն իրականություն է, մենք բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ։ Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով»,– գրել է նա:
Արմեն Սարգսյանը կարծում է, որ այսօր էլ դեռ շատ են անելիքները` բարդ և հարափոփոխ ժամանակներում: Արցախի ազատագրման և անկախության համար զոհվածները, Արցախում ապրող ու իրենց ամենօրյա կյանքով հերոսության օրինակ ծառայող մարդիկ, մեր ապագա սերունդները, ըստ նրա, արժանի են, որ Արցախի ապագան շարունակի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն:
«Այսօր, ավելի քան երբևէ, մենք հաստատակամ և ամուր ենք հայոց միասնականության խորհրդանիշ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը ու նրա հերոս զավակներին պաշտպանելու հարցում: Այդ գիտակցությամբ եմ իմ անկեղծ բարեմաղթանքները հղում Արցախին դեպի հաջողություն ու հաղթանակ տանող բոլոր ձեռնարկներում»,–իր ուղերձում գրել է նա։
Նախագահը, ևս մեկ անգամ շնորհավորելով Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ, հայտնել է, որ պետք է միասի՛ն պաշտպանենք ու պահպանենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները.«Եվ թող Աստվա՛ծ պահապան լինի Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին»:
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։
ՀՀ վարչապետը ֆրանսիական ամսագրին ասել է՝ ինչ է պետք Հայաստանին Արցախի հարցը լուծելու համար