Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատել է ուռուցքաբանականի տնօրենին. հայտնի է ԺՊ–ի անունը

Արմեն Տանանյանն ազատվել է պաշտոնից` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնից։

Ուռուցքաբանության կենտրոնը չեն մասնավորեցնի. ԱԺ–ն հավանություն տվեց նախագծին

«Ուրբաթ օրն ենք իմացել այդ մասին, սակայն պատճառների մասին մեզ ոչինչ չեն ասել։ Հենց հիմա ժողով է մեզ մոտ։ Ասել են` հիմա էլ կներկայացնեն նաև նոր տնօրենին»,–հայտնեցին հիվանդանոցից։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մի քանի օր է` կենտրոնը պետգույքի կառավարման կոմիտեից անցել է Առողջապահության նախարարության ենթակայության տակ։

«Նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կենտրոնում կատարում է փոփոխություններ, այդ թվում` կադրային։ Նախարարի հրամանով` Տանանյանն ազատվել է աշխատանքից, իսկ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուռուցքաբան Նարեկ Մանուկյանը»,– ասաց նա։

Առողջապահության նախարարությունը դեմ է երկու հիվանդանոցի մասնավորեցմանը

Նշենք, որ Արմեն Տանանյանն Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: Մինչ այդ` 2007թ–ից, նա հիվանդանոցի տնօրենի տեղակալն էր։ Նա եղել է նաև ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբանը։

Հիշեցնենք, որ պետական առողջապահական գործակալությունը դեռ ապրիլ ամսին էր հայտնել, որ ավարտել է ստուգումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ Այնտեղ 43 միլիոն դրամի խախտումներ էին հայտնաբերվել։