ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Գեղարքունիքի մարզի ամենահեռավոր գյուղերից մեկը` Կալավանն այս տարի միայն մեկ առաջին դասարանցի ունի: Այս մասին իր facebook-յան էջում հայտնել է ՀՀ վարչապետի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:
«Դիմավորե՛ք կալավանցի Լիանան է, մեր միակ առաջին դասարանցին։ Շնորհավոր սեպտեմբերի 1»,- գրել է Ղուկասյանը` հրապարակելով աղջնակի լուսանկարը:
Հիշեցնենք՝ հուլիսի 21–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի շրջանակներում այցելել էր Կալավան, զրուցել Ռոբերտ Ղուկասյանի հետ։
Ծանոթանալով Ռոբերտի` Կալավանի զարգացման ծրագրի հետ` վարչապետը որոշել էր նրան իր խորհրդական նշանակել` այլ գյուղերում էլ այդ փորձը ներդնելու համար։
Հետաքրքիր զուգադիպությամբ վարչապետի ներկա խորհրդականն էլ ոչ այնքան վաղ անցյալում իրենց գյուղի դպրոցի միակ աշակերտն է եղել:
Sputnik Արմենիան այցելել էր Կալավան, զրուցել Ռոբերտ Ղուկասյանի հետ ու պարզել, որ Ռոբերտի ընտանիքը Կալավան է տեղափոխվել 1980-ականների վերջերին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքից։
Միակ աշակերտ, ինքնուս հնագետ, վարչապետի խորհրդական. մանրամասներ կալավանցի Ռոբերտի կյանքից
Դպրոցում սովորելու վերջին 3 տարիներին նա դպրոցի միակ աշակերտն է եղել: Բայց դա, նրա խոսքով, իրեն ոչ միայն չի ընկճել, այլև ստիպել է ինքնակրթությամբ զբաղվել: