ՀՀ վարչապետը ֆրանսիական ամսագրին ասել է՝ ինչ է պետք Հայաստանին Արցախի հարցը լուծելու համար

ֆրանսիական Nouvelle d'Arménie ամսագրին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ղարաբաղյան խնդրի հնարավոր լուծումներին, ներկայացրել հարցի շուրջ Հայաստանի դիրքորոշումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել առանձին վերցրած՝ միայն դիվանագիտական կամ ռազմական ճանապարհներով, անհրաժեշտ է ավելի լայն համակցություն, որի կենտրոնում պետք է լինեն մրցունակ տնտեսությունը, հզոր հասարակությունն ու առաջատար տեխնոլոգիաներով երկիրը:

ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  իշխանության 500-րդ օրվա առիթով ֆրանսիական Nouvelle d'Arménie ամսագրին տված հարցազրույցում:

«Մենք ունենք հակամարտություն, այդ հակամարտությունը կարգավորված չէ։ Եթե մենք ժողովուրդ ենք՝ օժտված ստրատեգիական մտածողությամբ, իսկ ես վստահ եմ, որ մենք այդպիսին ենք, ապա մենք չենք կարող խնդիրները լուծել կարճ ժամանակում, մի քանի օրվա ընթացքում։

Մենք պետք է գիտակցենք, որ ունենք խնդիր, որի լուծումը պահանջում է համազգային ներուժի համախմբում։ Դրա համար առաջնահերթ պետք է, որ Հայաստանի հասարակությունը եւ տնտեսությունը լինեն մրցունակ, ներառական եւ մշտապես զարգացման ճանապարհին»,- ասել է Փաշինյանը:

Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան

Վարչապետը կարևորել է նաև հակառակորդներին որպես միասնական ժողովուրդ, համախմբված հասարակություն ու հզոր պետություն ներկայանալու անհրաժեշտությունը:

«Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը»,-ասել է վարչապետը՝ կարևորելով տնտեսության արդյունաբերական ու ՏՏ ոլորտի ճյուղերի զարգացման անհրաժեշտությունը, քանի որ նրա խոսքով, հնարավոր չէ կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա: