Համացանցն այսօր ողողված է ուսումնական տարվա առաջին օրվա դպրոցական լուսանկարներով։ Հայ հայտնիներից շատերն instagram-ի իրենց էջերում հրապարակել են իրենց երեխաների լուսանկարները և շնորհավորել դպրոցականներին ու ուսուցիչներին։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են իր երկու զավակները՝ դուստրը և որդին։
«Երկու ՀՀ հպարտ և գիտելիքով լեցուն քաղաքացիներ։ Շնորհավոր բոլորիս գիտելիքի տոնի առթիվ»,-լուսանկարին կից գրել է նախարարը:
Ըստ տեղեկությունների՝ նախարարի զավակները սովորում են Երևանի «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում։
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ևս տոնական տրամադրություն ունի։ Այսօր նա դստերն առաջին անգամ է դպրոց ճանապարհում։
«Գիտությունը մեր ապագան է։ Իմ փոքրիկ հրաշքն էլ այսօր գնաց մեր ապագան կերտելու»,- Facebook-ի իր էջում գրել է Սուրենյանը, հրապարակելով դստեր լուսանկարը։
Դիզայներ Անահիտ Սիմոնյանը և երգիչ Հայկոն իրենց որդուն ՝Արմանին, ուրախությամբ են դպրոց ճանապարում։ Արմանը սովորում է երրորդ դասարանում։
Այսօր Անահիտ Սիմոնյանն instagram-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, որ երիտասարդ զույգը մեծ ոգևորությամբ է տղային դպրոց տանում։
«Բանդան գնում է սեպտեմբերի 1-ը նշելու»,-տեսանյութին կից գրել է Անահիտը։
Րոպեներ անց երիտասարդ մայրիկը հրապարակեց որդու լուսանկարը և անկեղծ խոսեց իր հետևորդների հետ։
«Ահա և իմ երրորդ դասարանցին։ Ես այժմ ձեզ կպատմեմ ողջ իրականությունը։Կարծում եմ, որ հեչ պարտադիր չէ, որ երեխային սեպտեմբերի 1-ի համար գնեք միայն դասական հագուստ, եթե իհարկե, ձեր երեխան դասական հոգուստի սիրահար չէ։ Այժմ գրեթե բոլորը սպորտային հագուստ են կրում։ Ես անիմաստ եմ համարում մեկ օրվա հարմար երեխայի համար դասական հագուստ գնելը, որը նա միայն մեկ օր է հագնելու։ Օրինակ՝ Արմանի դասական կոշիկներն արդեն փոքր են իր ոտքին,մենք դեռ չենք հասցրել նոր կոշիկներ գնել նրան։ Կարևորը՝ մեր տրամադրությունը շատ բարձր է »,-գրել է Անահիտը և շնորհավորել բոլոր երեխաների սեպտեմբերի 1-ը։
Հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը ևս ուրախ տրամադրությամբ է իր որդուն՝ Հայկին, դպրոց ճանապարհում։ Հայկը սովորում է «Հայ ասպետ» դպրոցում , հաճախում է շախմատի և լողի:
Դերասանուհին instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել որդու հետ։
«Արդեն 2րդ դասարան ...բարի երթ Հայկս»,- լուսանկարին կից գրել է Անահիտը։
Հայտնի երգիչ Սարո Թովմասյանը, որն իր ամուսնության լուրը շատ երկար ժամանակ գաղտի էր պահում, դստեր՝ Վիկայի հետ լուսանակար է հրապարակել և շնորհավորել գիտելիքի օրը։
«Քեզ բարի երթ դեպի գիտելիքի աշխարհ»,- լուսանկարին կից գրել է երգիչը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ը՝ որպես Գիտելիքի օր, Հայաստանում նշվում է սկսած 1984 թվականից: ԽՍՀՄ փլուզումից հետո էլ օրը մնաց պաշտոնական տոն՝ ԽՍՀՄ կազմում եղած պետությունների համար։ Այն նախկինի պես նշում են Հայաստանում, Բելառուսում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ղազախստանում, Թուրքմենստանում, ինչպես նաև՝ Չեխիայում և Մերձբալթյան երկրներում։ Այդ երկրներում նոր ուսումնական տարին շարունակում է սկսվել աշնան առաջին օրվանից՝ սեպտեմբերի 1-ից։