ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik, Նանա Մարտիրոսյան․ Մերի Ալեքսանդրյանը 1952 թվականին հենց սերը Մոկվայից վերադարձրեց Հայաստան։ Նա բարձրագույն կրթություն է ստացել Ռուսաստանում ու պետք է բաշխումով աշխատեր կա՛մ Սախալինի, կա՛մ Ռյազանի մարզում։ Իսկ այդ ժամանակ հայրենիքում նրան սպասում էր իր սիրելին, որի հետ նրանք մի բակում էին մեծացել։ Ու նա, առանց մտածելու, գնացել է դեսպան Լևոն Խաչատուրյանի մոտ և խնդրել իրեն Հայաստան ուղարկել։
Դեսպանը գործերը դասավորեց, ում պատվին տիկին Ալեքսանդրյանն ու ամուսինը որդուն Լևոն անվանեցին։ Կարծես սովորական պատմություն է, բայց իրականում սա պատմություն է այն մասին, թե ինչպես կոչումով մանկավարժը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց։ Շուտով նա գլխավորեց Երևանի ամենահեղինակավոր դպրոցներից մեկը։ Իսկ այժմ՝ պաշտոնը լքելուց 25 տարի անց նա ապրում է դպրոցի մասին հիշողություններով ու ուրախանում իր աշակերտների այցելություններով։
Սկզբում նա պատմության շարքային ուսուցիչ էր, բայց 15 տարի անց տնօրեն դարձավ։ Առաջին իսկ օրվանից հավատարիմ էր «խիստ, բայց արդար լինելու» սկզբունքին։ Նրա աշակերտները հիշում են, որ նա կշտամբում էր ոչ միայն իրենց, այլև ուսուցիչներին, եթե սխալ էին, ու հենց աշակերտների ներկայությամբ։
«Երեխաներս շատ լավն էին, ուսուցիչներս էլ էին հիանալի, բայց բարդ իրավիճակներ էին լինում, ու ես միշտ փորձում էի արդար լինել ու պատժել մեղավորին։ Կարևոր է, որ տնօրենը անաչառ մարդու համբավ ունենա։ Խիստ, բայց բարի»,- ասում է նա։
Տիկին Ալեքսանդրյանը երկու զվարճալի պատմություն է հիշում։ Մի անգամ դասարաններից մեկի աշակերտները փախել էին դասից։ Միայն մեկ տղա էր մնացել։ Նա հենց այդ տղային է կշտամբել, քանի որ դասարանցիների հետ համերաշխ չի եղել։ Բնականաբար, այդ միջադեպից հետո ծնողական ժողով էր հրավիրել։ Բայց զուտ կարգապահության համար։
«Մի անգամ էլ ինձ դասասենյակ կանչեցին։ Մտա ու տեսա, որ դասատուն վրդովված է, իսկ աշակերտները՝ վախեցած։ Հանկարծ աշակերտի ծնկին հիանալի մի շան ձագ տեսա։ Բնականաբար, չդիմացա, խաղացի դրա հետ ու տարա իմ աշխատասենյակ։ Դասերից հետո տղային վերադարձրեցի շանը, բնականաբար, դա դուր չեկավ ուսուցչին։ Ավելի ուշ նրան ասացի, որ դա երեխայի կողմից սիրո դրսևորում էր կենդանու հանդեպ։ Իսկ նման բանի համար չի կարելի պատժել»,- պատմեց նախկին տնօրենը։
Նա ընդգծեց, որ հիշում է իր բոլոր աշակերտներին անկախ այն բանից՝ հայտնի են նրանք, թե ոչ։ Ահա, օրինակ` երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը գերազանցիկ չէր, բայց մտածող տղա էր ու գրեթե խուլիգանություն չէր անում, իսկ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լավ էր սովորում, դերասան Նարեկ Դուրյանը հումորիստ էր ու անընդհատ չարաճճի բաներ էր անում։ Նա առանձնահատուկ քնքշությամբ է հիշում Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան, երջանկահիշատակ Արման Կիրակոսյանին, որը դպրոցական տարիքից ինտելեգենտ էր ու համեստ։
«Աշակերտներս ինձ հյուր են գալիս, նրանց շարքում արդեն գրեթե 70 տարեկանները կան։ Իրենք արդեն տատեր ու պապեր են։ Իսկ ես հաճախ եմ երազումս տեսնում դպրոցը, մեր ուսուցիչներին ու աշակերտներին։ Մեզ մոտ ոչ թե դպրոց էր, այլ իսկական տուն», - ասում է մանկավարժը։
Տիկին Ալեքսանդրյանն ասում է, որ դպրոցում տարբեր ավանդույթներ կային, օրինակ` առաջին դասարանցիներին «Ես էլ եմ չեխովցի» կրծքանշան էին նվիրում։ Նա ուրախանում էր նաև, երբ աղջիկներն ու տղաները սիրահարվում էին, բայց պնդում էր, որ այնպես ընկերություն անեն, որ ուսմանը չխանգարի։ Իսկ տարիներ անց սիրով խնամված ձեռքերում պահում է ամուսնացած «չեխովցիների» լուսանկարն ու հավատում, որ հենց սերն է դարձրել դպրոցն այդքան հեղինակավոր ու համախմբված։