Հենրիխ Մխիթարյանն ու «Արսենալը» կամային ոչ-ոքի գրանցեցին «Տոտենհեմի» հետ խաղում

Անգլիական Պրեմյեր լիգայի երրորդ տուրում, Լոնդոնյան դերբիում «Արսենալը» խաղի ընթացքում 0:2 հաշվով պարտվելիս, կարողացավ ոչ-ոքի խաղալ «Տոտենհեմի» հետ: Դաշտի տերերի կազմում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 67-րդ րոպեին: «Արսենալը» չորս խաղերից հետո վաստակել է յոթ միավոր, ու աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ազգային հավաքականի առաջտար Հենրիխ Մխիթարյանի մարզավիճակը շատ կարևոր է Եվրոպայի 2020 թվականի ընտրական առաջիկա երկու խաղերի համար: Անգլիական Պրեմյեր լիգայում «Արսենալի» անցկացրած երեք հանդիպումներից միայն մեկում է հայ ֆուտբոլիստը դուրս եկել խաղադաշտ`թիմի մեկնարկային կազմում:

«Արսենալի» լեգենդը մարզչին խորհուրդ է տվել «ազատվել» Մխիթարյանից

Պարզ է, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար միայն խաղային պրակտիկան է ապահովում լավ մարզավիճակը: Սակայն «Արսենալի» գլխավոր մարզիչ՝ Ունայ Էմերին, Անգլիական Պրեմյեր լիգայի մեկնարկային խաղից հետո(«Արսենալը» այդ խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Նյուքասլին») իր թիմի մեկնարկային կազմում չի տեսնում Հենրիխ Մխիթարյանին:  «Բառնլիի» հետ երկրորդ տուրի խաղում հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս եկավ խաղի ավարտից չորս րոպե առաջ, իսկ «Տոտենհեմի» հետ մրցավեճում հանդիպման 67-րդ րոպեին:

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2020 թվականի ընտրական մրցաշարում երկու հանդիպում է կանցկացնի համապատասխանաբար Իտալիայի և Բոսնիայի ու Հերցեգովինայի հավաքականների հետ: Բնականաբար, այդ խաղերում մեր ընտրանու խաղն ու գրանցած արդյունքը մեծապես կախված են ավագից ու առաջատարից՝ Հենրիխ Մխիթարյանից: Թե ինչ մարզավիճակով կներկայանա Մխիթարյանը կտեսնենք մի քանի օր անց:

Ռուս միլիարդատերն ուզում է Մխիթարյանին «Սոչի» ակումբ հրավիրել

Ի դեպ, համացանցում այսօր Մխիթարյանի ազգանունը բավականին շատ էր քննարկվում, բայց արդեն Պրեմյեր լիգայի խաղերի հետ առանց կապի: Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը, նշում է, որ ժամանակին ինքը արդեն համաձայնեցրել էր Մխիթարյանի տեղափոխությունը «Լիվերպուլ», բայց Հենրիխի քույրն ու Մինո Ռայոլան «քար գցեցին» այդ գործարքի վրա, ու Մխիթարյանը հայտնվեց Դորտմունդի «Բորուսիայում»:

Sputnik Արմենիայի հավաստի տեղեկություններով` մինչև «Բորուսիա» տեղափոխվելը Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էր ոչ թե «Լիվերպուլը», այլ «Տոտենհեմը»: