Երևանում զորակոչիկների վրա հարձակվելու աղմկահարույց գործը դեռ դատարան չի հասել

Հայտնի գործով երեք մեղադրյալ է անցնում, նրանց ազատ են արձակել` չհեռանալու մասին ստորագրությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի –Sputnik. Երևանում 2019 թվականի հունվարին զորակոչիկների ավտոբուսի վրա հարձակվելու մասին գործը դեռ դատարան չի հասել։

Աղմկահարույց միջադեպը տեղի էր ունեցել 2019 թվականի հունվարի սկզբին։ Համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես մի քանի ավտոմեքենա կտրում են զորակոչիկների ավտոբուսի ճանապարհը` ստիպելով վարորդին կանգ առնել ճամփեզրին։ Այնուհետև ավտոբուս էին ներխուժում մի քանի երիտասարդ և քաշքշուկ սկսում, որի ընթացքում նաև հայհոյանքներ էին հնչում։

ՀՀ ՊՆ «թեժ գիծ». ի՞նչն է ամենից շատ մտահոգում զորակոչիկների ծնողներին

«Գործը գտնվում է Քննչական կոմիտեում նախաքննության փուլում։ Ներկա պահին երեք մեղադրյալ կա, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակված», –Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

Sputnik Արմենիան նաև կապ է հաստատել Քննչական կոմիտեի հետ։ ՔԿ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը հաստատեց, որ մեղադրյալները երեքն են։

«Մեկ փորձաքննություն է մնացել, երբ ստանանք արդյունքները, գործը կուղարկվի դատարան», – ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով` մեղադրյալների խափանման միջոց է ընտրվել երկիրը չլքելու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, որ միջադեպի հետ կապված Ռազմական ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել  «Խուլիգանություն» հոդվածով։ Դեպքից որոշ ժամանակ անց պարզվել էր, որ միջադեպի ակտիվ մասնակիցներն են Գոռ Հակոբյանն ու նախկինում դատված Մերուժ Ոսկանյանը։ Հակոբյանը ռազմական ոստիկանություն էր ներկայացել հունվարի 8-ին, իսկ հունվարի 9-ին մեղայականով ռազմական ոստիկանություն էր ներկայացել  նաև Ոսկանյանը։

Զորակոչիկների ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է. Ոստիկանության պարզաբանումը

Աղմկահարույց միջադեպից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարգադրել էր, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ լինեն զորակոչիկներին զորամասեր տեղափոխող ավտոբուսներում։